Թրամփը որոշել է չպատժել «Հյուսիսային հոսք 2-ը» կառուցող ընկերություններին

Բալթիկ ծովով Ռուսաստանի գազը եվրոպական մի քանի երկրներ տեղափոխելու նպատակով կառուցվող «Հյուսիսային հոսք-2» նախագիծը բազմաթիվ հակառակորդներ ունի, որոնց մեջ առաջինը թերևս Միացյալ Նահանգներն է: Դեմ է նաև Լեհաստանը: Ուստի պատահական չէ, որ երկու երկրների նախագահների բանակցությունների ժամանակ այդ հարցը նույնպես արծարծվել է:
 
Դոնալդ Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգները չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Անդրեյ Դուդան էլ, խոստովանեով, որ այդ գործում որոշում կայացնողը ԱՄՆ նախագահն է, հույս է հայտնել, թե Սպիտակ տան գլխավորը գուցեև դադարեցնի գազատարի շինարարությունը:  
 
Թրամփի խոսքով՝ թեև ինքը կարծում է, որ այդ նախագիծը Գերմանիային  հարկավոր չէ, սակայն դա առիթ չէ պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք կառուցում են այդ գազատարը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մտադիր է ռուսական գազի փոխարեն Եվրոպա հասցնել սեփական գազը: Իսկ այն, որ ԱՄՆ նախագահն այս անգամ հրաժարվում է իր սիրած պատժամիջոցները կիրառելուց, մտածելու տեղիք է տալիս: Կա՛մ արդեն դրանք արդյունավետ չի համարում, կա՛մ էլ գուցե համարժեք հակահարվածից է վախենում: Բայց երկու դեպքում էլ երևույթը կարելի է դրական համարել: 
 
Եվրոպան գազով ապահովել, իհարկե, երազում է նաև Ադրբեջանը: Իսկ բնական այս պաշարից զուրկ, բայց համարյա անսահմանափակ պահանջարկ ունեցող աշխարհամասի բնակիչների համար միևնույն է, թե որ երկրի վառիլիքն են օգտագործում, կամ այն ինչպես է նրանց համար եկամտի աղբյուր դարձել: