ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ ԹՈՒՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ահաբեկչավտանգ երկրներն՝ ըստ Իսրայելի

Զատկի տոնին բազմաթիվ իսրայելցիներ սովորաբար արտասահմանյան երկրներ են մեկնում: Սրա առնչությամբ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը թարմացրել է այն երկրների ցանկը, որտեղ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել: Այդ ցուցակում Թուրքիան ամենավտանգավորների թվում է և հավասարեցված է Պակիստանին ու աֆրիկյան մի շարք երկրների: 
 
 
Ցուցակում իր «պատվավոր» տեղը չի կորցրել նաև Ադրբեջանը: Կենտրոնակայանի կայքը Իսրայելի քաղաքացիներին նախազգուշացնում է՝ առանց հատուկ անհրաժեշտության այդ երկիր չայցելել: Անվտանգ չեն համարվել նաև Արևմտյան Եվրոպայի պետությունները. այնտեղ այցելողներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից, մասնավորապես մարզադաշտերից, կայարաններից, առևտրի կենտրոններից, քանի որ դրանք ահաբեկչություն համար ամենահնարավոր վայրերն են:
 
Հետաքրքիր է՝ Ադրբեջանին մինչև ատամները զինելիս Իսրայելը չի՞ մտածել, որ այդ զենքերը վնասելու հատկություն ունեն, իսկ գնողները՝ դրանք գործադրելու մոլուցք: Գուցե հաշվարկել է, թե դրանք օժտված են միայն հայերի՞ վրա կրակելու հատկությամբ:  
 
Ու նաև՝ որքանո՞վ է բարոյական, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սերտ բարեկամություն շրջանառելով, նրանց իր «սև» ցուցակի պատվավոր հորիզոնականներում տեղադրել: Արդի աշխարհում բարոյականության մասին խոսելը, իհարկե, ուղղակի ծիծաղելի է: Միայն թե՝ եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, իր ռազմարդյունաբերության «բարիքներն» արյունռուշտ գնորդներին առատորեն վաճառող Իսրայելն ստիպված կլինի բոլոր քաղաքացիներին Զատկի տոնին սեփական հարկի տակ տեղավորել՝ խիստ սահմանափակելով հաճելի ժամանցի ու աշխարհաճանաչողության նրանց երազանքները: