Դոլարի գերիշխանությունը սկսել է տատանվե՞լ

Անցած շաբաթ Պեկինում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպելով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և հյուրընկալ երկրի նախագահ Սի Ցզիպինը արծարծել են առևտրային պատերազմի թեման, մասնավորապես անդրադարձել ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին և արժութային հաշվարկների խնդրին: Այդ մասին «Ռոսիյա 1»-ի եթերում սեպտեմբերի 16-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ Պեսկովի` գնալով ավելի շատ երկրներ են դոլարին փոխարինող փնտրում:

- Արևելքում և Եվրոպայում գնալով ավելի շատ երկրներ են մտածում, թե ինչպես նվազագույնի հասցնեն այդ արժույթից կախվածությունը,- ասել է նա:

Այնուհետև նշել է, որ տասնամյակների ընթացքում դոլարը պահպանել է հիմնական պահուստային արժույթի իր դիրքերը, սակայն վերջին ժամանակներս Միացյալ Նահանգները  ձեռնարկում է քայլեր, որոնք «սասանում» են վստահությունն այդ դրամական միավորի նկատմամբ:
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, թե ինքը հասկանում է, որ բարդ բան է դոլարը փոխարինել ինչ-որ նոր արժույթով` պահպանելով կիրառելիությունը, սակայն նկատել է, որ «սկիզբ է առել այլընտրանքի որոնման միտում», որը անզեն աչքով էլ նկատելի է:

Առևտրային պատերազմները, ըստ էության, տանում են դեպի առևտրատնտեսական հարաբերությունների անցյալ ու ներկա համակարգերի փլուզումը և անգամ կարող են դառնալ տարածաշրջանային հակամարտությունների պատճառ, ինչի վերաբերյալ էլ ռուսական և չինական կողմերն անհանգստություն են հայտնել:

Գաղտնիք չէ, որ դոլարը որպես միջազգային արժույթ կիրառվելն անընդհատ եկամուտներ է ավելացնում Միացյալ Նահանգների բյուջեին: Եվ ուրեմն հենց միայն այս տեսանկյունից դրա գերիշխանությունն այդ պետության համար կարևոր է: Վաղուց արդեն դոլարից հրաժարվելու մտադրության մասին խոսում են Իրանը, Թուրքիան և այլն (սոցցանցային մեր դարում շատերը կհիշեն, թե ինչպես էին վերջերս Թուրքիայում կեղծ մեկդոլարանոցներ պատռում ու շպրտում` իբրև թե բողոքի նշան): Իսկ օրեցօր ավելի ահագնացող ամերիկյան պատժամիջոցներն ու մաքսատուրքերը կարծես նրա դեմ են հանել գրեթե ամբողջ աշխարհը: Համարյա թե չկա մի պետություն, որին այս կամ այն չափով դրանք վնասած չլինեն:
   
Այս օրերին կարծես Միացյալ Նահանգները հայտնվել է մի հորդահոս գետում, որը պայմանականորեն կոչվում է Առևտրային պատերազմ, ու չի կարողանում դրա հոսանքից դուրս պրծնել` աջուձախ պատժամիջոցներ ու մաքստուրքեր ավերացնելով: Իսկ դրա գինը իր համար կարող է դոլարի գերիշխանության կորուստը լինել: