Կիևն Ազովի ծովում ռազմածովային հենակետ կստեղծի մինչև 2018թ. ավարտը

Ազովի ծովում ռազմածովային հենակետ ունենալու ծրագիրը Կիևում որոշել են ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Այդ մասին կիրակի օրը տեղեկություն է տարածել Ուկրաինայի կառավարության ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

- Բերդյանսկում ջուրն է իջեցվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրետանային երկու զրահամոտորանավակ: Ծրագրվում է մինչև տարվա վերջը Ազովի ծովում ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի ՌԾՈՒ հենակետ,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հանձնարարել էր ուժեղացնել Ազովի ծովում Ուկրաինայի ռազմական ներկայությունը և առափնյա պաշտպանության ջոկատները համալրել հրթիռային զենքերով: Սրան «Ավանգարդը» ժամանակին անդրադարձել է: Իր հերթին Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Պոպկոն հայտարարել է Մերձազովում բանակային զրամիավորումների մեծացման մասին: Իսկ ենթակառուցվածքների նախարար Յուրի Լավրենյուկը հայտնել է, որ Ազովի ծով է իջեցվել երկու զրահամոտորանավակ:

Այսպիսով` Ազովի ծովում, որը ողողում է Ուկրաինայի հարավարևելյան և Ռուսաստանի հարավարևմտյան ափերը, հայտնվում է ռազմածովային հենակետ, իսկ շրջակա բնակավայրերում` Մերձազովում, ուժեղացվում են բանակային զորամիավորումները:

Թե ինչ դեր կխաղան դրանք ապագայում` ժամանակը ցույց կտա: Իսկ նպատակն ակնհայտ է` մինչև վերջին միլիմիետրը հաշվարկված մեր մոլորակում ձեռքից բաց չթողնել ոչ մի թիզ հողակտոր, իսկ եթե հնարավոր է` ձեռք գցել ուրիշները: Թեկուզ նրանք, որոնք այսօր եղբորդ է պատկանում: (Իսկ անցյալում գուցե դա միասին էլ հափշտակել են ուրիշներից: Չմոռանանք, որ այդ վայրերում մեծ չափով առկա է հունական քաղաքակրթության հետքը, իսկ օրինակ հայերն այնտեղ զանգվածային  գործունեություն են ծավալել անցած դարերում և մինչև օրս էլ առկա են):