ՀԴԲ-ի գլխավոր գերակայությունը Չինաստանն է

Միացյալ Նահանգներում հստակեցրել են, թե հատկապես որ պետությանն են ուղղելու հակահետախուզության սլաքները: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը ԱՄՆ հակահետախուզության գլխավոր գերակայությունը համարել է Չինաստանը: Նա պնդում է, թե ՉԺՀ-ն զբաղված է մտավոր սեփականության գողությամբ, քիբերգրոհներով և քարոզչությամբ:
 
CBS հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցի ժամանակ նա ասել է, թե չկա մեկ այլ երկիր, որն ԱՄՆ-ի մտավոր սեփականության համար ավելի մեծ վտանգ ներկայացնի, քան Չինաստանն է: 
 
- Չկա մեկ այլ երկիրը, որը մեր գաղափարներին, նորարարությանն ու տնտեսական անվտանգությանն այսքան բազմաթիվ միջոցներով ու ամեն օր ավելի շատ սպառնա, ինչպես Չինստանը: Սա ամերիկյան հակահետախուզության գլխավոր գերակայությունն է: Մենք շատ ժամանակ ենք ծախսում Ռուսաստանի ուղղությամբ աշխատելով, բայց Չինաստանն այդ ոլորտում գլխավորն է,- հայտարարել է Ռեյը: 
 
Նա նաև նշել է, որ իր ղեկավարության տակ եղած համարյա յուրաքանչյուր բաժանմունք հետաքննում է տնտեսական լրտեսության դեպքերը, որով Չինաստանն զբաղվում է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղական վայրերում: 
 
- Սա ներգործում է հասարակ մարդկանց կյանքի վրա, ներգործում է ամերիկյան գործարարության վրա, ներգործում է աշխատանքի և գնորդների վրա,- ընդգծել է նա:
 
ՀԴԲ-ի տնօրենը պնդում է, թե ՉԺՀ-ն զբաղված է մտավոր սեփականության կողոպուտով, քիբերգրոհներով և քարոզով, և դրա մեջ ներքաշված են ինչպես «կառավարությունից ուղարկված գործակալներ», այնպես էլ պրոֆեսորներ, գործարաներ, ուսանողներ, Huawei և ZTE հեռահաղորդակցության ընկերությունները: 
 
Այս տարվա հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Վաշինգտոնը 50 մլրդ դոլարի սահմաններում 25%-անոց մաքսատուրքեր է սահմանում Չինաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ՝ ելնելով նրանից, որ Պեկինը գողանում է մտավոր սեփականություն և աշխատակարգեր, ինչպես նաև նրանից, որ Չինաստանը առևտուր անելիս արդար չէ: ՉԺՀ իշխանությունները պատասխանը չուշացրին և անհապաղ արձագանքեցին արտահանվող ամերիկյան ապրանքների վրա համարժեք սակագներ սահմանելով: 
 
Մեր օրերում հաճախ են հնչում տեսակետներ, թե Ամերիկան աշխարհի բոլոր երկրներից իր մոտ է հրապուրում մտավոր բարձր կարողությամբ անհատների և նրանց շնորհիվ զարգացնում իր գիտությունն ու մնացած ոլորտները: Հիշենք, որ մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփը խոսում էր այն մասին, թե ԱՄՆ-ում բնակություն հաստատելու համար դիմողներից պետք է մուտքի այցագիր տալ հենց նրանց, ովքեր որոշակի մտավոր չափանիշների են համապատասխանում:  
 
Միացյալ Նահանգների մասին մեկ այլ բան էլ են ասում. իբր այն արդիական տեխնիկան ու աշխատակարգերը, որոնք մեծ արագությամբ զարգանում են ու աշխարհը ենթարկում արհեստական բանականության անկանխատեսելի սպառնալիքին, այդ երկրի կառավարությունն ստանում է… այլմոլորակայիններից…