Գերմանիան նույնպես միացավ Սիրիային սպառնացողներին

Ենթադրյալ քիմիական գրոհի դեպքում Սիրիային հարվածելու մտադրություն ունեցողների թիվը մեկով ավելացավ: Սեպտեմբերի 13-ին սրա մասին խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Քաղաքական գործիչը միաժամանակ ընդգծել է, թե իր կառավարությունը վճիռ է կայացնելու՝ ելնելով իր սահմանադրությունից:
 
- Խաղաղության պահպանման գործում մեր գերակայությունը միշտ լիելու է քաղաքական լուծումներ փնտրելը: Հասկանալի է, որ Սիրիայի հարցում մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Աստանայի խմբի հետ: Մենք չենք կարող սահմանափակվել միայն այդ տարբերակով, երբ տեսենք, թե ինչպես է Արաբական Հանրապետության տարածքում միջազգային համաձայնագրերի խախտումով քիմիական զենք կիրառվում,- Մերկելի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ-Նովոստին»:
 
Մինչ այժմ Սիրիային հարվածելու պատրաստակամության մասին հայտարարել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Սեպտեմբերի 13-ին հարցը շոշափվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանում: Երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, թե Ֆրանսիան արդեն պատրաստ է արձագանքել՝ եթե հանկարծ Իդլիբում քիմիական զենքի կիրառման փաստը ապացուցվի: Նա հավելել է, թե Ֆրանսիան նույնպես դեմ է, որ Իդլիբի հակաահաբեկչական գործողություններին միանան ռուսական, իրանական կամ թուրքական օդուժերը: 
 
- Մենք կարծում ենք, որ Բաշար Ասադը սոսկ ռազմական լուծում կփնտրի: Ինչպես արդեն ասել ենք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և Անվտանգության խորհրդում՝ մենք միայն քաղաքական որոշում ենք տեսնում: Եթե անխտիր ռմբակոծության տակ ընկնեն քաղաքացիական բնակչությունը կամ հիվանդանոցները, Ֆրանսիան դա կարող է գնահատել որպես ռազմական հանցագործություն,- Ֆրանսիայի արտգործնախարարի ելույթն հեռարձակել է «Ռոսիա-24»-ը: 
 
«Ավանագարդն» արդեն հաղորդել է, որ ըստ երևույթին Իդլիբում կեղծ քիմիական գրոհի նկարահանումներ են արվում. այնտեղ քլորի հիմքով թունաքիմիկատներ են տարվել, որպեսզի «Սպիտակ սաղավարտների» անդամները հետո բնահողից նմուշ վերցնեն և «ապացուցեն», որ քիմիական գրոհ  եղել է: Իսկ թե ինչ կլինի այդ դեպքում՝ պետությունները մեկ անգամ չէ, որ հաստատել են:
 
Իդլիբում ծուղակներ են պատրաստվում, և դա ակնհայտ է: Թե ովքեր են դրանց հեղինակները, միանշանակ պնդել հնարավոր չէ: Բայց հնուց եկած և բանահյուսական նյութերով հաստատված ճշմարտություն կա՝ ուրիշի համար փոս փորողն ինքն է մեջն ընկնում: Եթե ոչ նույն պահին, ապա երբևէ… Իսկ երբ փոսն ուրիշի համար ես փորել, պարզ է, որ այնտեղից գոնե քեզ համար մարմարյա սանուղքներով ելք չես ապահովել: