Յունկերն առաջարկել է ԵՄ-ի և Աֆրիկայի միջև նոր դաշինք ստեղծել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրամիությանն առաջարկել է վերականգնել հարաբերությունները աֆրիկյան մայրցամաքի հետ: Նոր գրծընկերությունը պետք է հմնված լինի ներդրումներ գրավելու և 10 մլն-ի չափով
աշխատատեղեր ստեղծելու նպատակի վրա:
- Առաջարկում եմ Աֆրիկայի հետ ստեղծել նոր գործընկերություն՝ նոր դաշինք, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման նպատակով: Նման մոտեցումը հնարավորություն կտա առաջիկա տարիներին ստեղծել 10 մլն աշխատատեղ,- Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նիստին հանդես գալով ԵՄ գործերի մասին ուղերձով՝ ասել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ճշտվում է, որ խոսքը առաջիկա տարիներին աֆրիկյան երկրներում 10 մլն-ի չափով աշխատատեղ ստեղծելու հնարավորության մասին է: Յունկերը նաև կոչ է արել հրատապ՝ մինչև 2019թ. եվրախորհրդարանի ընտրությունները, համաձայնեցնել նման գործընկերության համար միջոցների հատկացումը:
Ելնելով այդ հաղորդագրությունից՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է աջակցել ԵՄ-ի և Աֆրիկայի ռազմավարական ներդրումներին, այդ թվում՝ դրամաշնորհների, վարկերի, երաշխավորությունների միջոցով նվազեցնելով ներդրումային ծրագրերի ռիսկայնության աստիճանը: Եվրահանձնաժողովը նաև նշում է Աֆրիկայում ներդրումային մթնոլորտի բարելավման կարևորությունը՝ մասնավորապես շեշտելով տվյալ ոլորտում մայրցամաքում արվող բարեփոխումները: Հիշատակվում է նաև ներդրումների անհրաժեշտությունը կրթության, սովորողների փոխանակման ծրագրերի ոլորտում:
Ակնհայտ է, որ Եվրոպային արդեն ձեռնտու չէ աֆրիկացիներին դեպի իրենց երկրներ հրապուրելը, որպեսզի այնտեղ օգտագործեն որպես էժան աշխատուժ: Հիմա ավելի լավ են համարում աշխատատեղեր ստեղծել տեղերում, որպեսզի մարդիկ ընտանիքներով, տնով-տեղով չգան հաստատվելու Եվրոպայում միայն նրա համար, որ իրենց հայրենիքում ոչ մի աշխատանք չեն գտել: