ԵԽ-ում Հունգարիայի նկատմամբ կարգապահական միջոցառումների բանաձև է ընդունվել
Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձևի, որով կոչ է արվում կարգապահական միջոցառումներ ձեռնարկել Հունգարիայի նկատմամբ: Որպես հիմնավորում նշվում է, թե այդ երկիրը խախտել է օրենքի գերակայության եվրոպական չափորոշիչներն ու սկզբունքները: Փաստաթղթին կողմ է քվեարկել ԵԽ 448 պատգամավոր, դեմ է եղել 197-ը, ձեռնպահ՝ 48-ը:
Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածի դրույթները Հունգարիայի նկատմամբ գործողության մեջ դնելու հարցը ԵԽ-ն առաջին անգամ է քննարկել: Սա մի ընթացակարգ է, որը տեսականորեն կարող է Հունգարիային զրկել ԵՄ-ում ունեցած ձայնի իրավունքից: Նման ընթացակարգ Եհանձնաժողովը 2017թ. հարուցել էր Լեհաստանի նկատմամբ:
Դրանից առաջ էլ ԵԽ քաղաքացիական ազատությունների և արդարադատության հանձնաժողովը քննարկման էր դրել պատգամավոր Ջուդիթ Սարգենտինիի զեկույցը և բանաձևը՝ Եվրոպական խորհրդին առաջարկելով որոշել, թե Հունգարիայի կողմից է «այնպիսի արժեքների լուրջ խախտումների ակնհայտ վտանգը, որոնց վրա հիմնված է Միությունը», համապատասխանո՞մ է արդյոք ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածին, ինչպես նաև որոշակիացնել իշխանություններին տրվելիք հանձնարարականները, ըստ որոնց նրանք պետք է եռամսյա ժամկետում իրավիճակը շտկեն:
ԵԽ-ին առաջարկվել է գնահատական տալ Հունգարիայի սահմանադրական և դատական համակարգերի գործունեությանը, դատական իշխանության և այլ հիմնարկների անկախությանը, դատարանների իրավունքներին, կոռուպցիայի դեմ պայքարում գործերի վիճակին, տեսակետների և դավանանքի ազատությանը, փոքրամասնությունների և ներգաղթյալների, ապաստան խնդրողների և փախստականների իրավունքներին, ինչպես նաև՝ տնտեսական և սոցիալական օրենքներին:
Որ Հունգարիան լրջորեն խախտում է «այնպիսի արժեքները, որոնց վրա հիմնված է (Եվրոպական) Միությունը», միանգամայն ակնհայտ էր դեռևս այն ժամանակ, երբ նրա իշխանությունները մարդասպան Ռամիլ Սաֆարովին մեծ գումարով վաճառեցին Ադրբեջանին՝ հաշվի չառնելով ո՛չ նրա հանցանքի ահավորությունը, ո՛չ մեր տարածաշրջանի հակամարտության բնույթը: Այնպես որ՝ Եվրախորհրդարանը շատ է ուշացել: Հենց միայն այս իրադարձության վրա հետադարձ հայացք ձգելը բավական է՝ հասկանալու համար, որ եվրոպական կառույցները պատեհապաշտությամբ են գործն առաջ տանում, ուրեմն և չպետք է զարմանան, որ ոչինչ չի ստացվում: