Փակվել է Վաշինգտոնում Պաղեստինի դիվանագիտական առաքելությունը
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելուց հետո Միացյալ Նախանգների կառավարությունը Պաղեստինի դեմ հաջորդ քայլն է արել՝ փակել է Վաշինգտոնում նրա դիվանագիտական առաքելությունը:
Ամերիկյան վարչակազմը հայտարարել է, թե Պեղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) ներկայացուցչությունն իր տարածքում արգելելու պատճառը պաղեստինցիների հրաժարվելն է՝ վերադառնալ խաղաղ բանակցություններին, ինչպես նաև այն հայցերը, որոնք նրանք Իսրայելի դեմ ներկայացրել են Միջազգային քրեական դատարանում:
Թել-Ավիվի գոհունակ արձագանքը չի ուշացել՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ-ի որոշումը ճիշտ է համարել:
- Միացյալ Նահանգները Վաշինգտոնում ՊԱԿ–ի ներկայացուցչության վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել: Իսրայելը սատարում է ԱՄՆ-ի գործողություններին, որոնց նպատակն է պաղեստինցիներին հասկացնել, որ բանակցություններից հրաժարվելը և միջազգային համաժողովներում Իսրայելի վրա հարձակման փորձերը խաղաղությանը չեն նպաստելու,- Իսրայելի ղեկավարի խոսքերն է մեջբերել նրա գրասենյակը:
Բնականաբար՝ միանգամայն այլ է եղել Պաղեստինի իշխանությունները արձագանքը. նրանք դատապարտել են ԱՄՆ-ի այդ որոշումը և խոստացել են տեղի չտալ «նենգասպառնալիքների և ահաբեկումների առջև»: