Իրո՞ք գտնվել են մալայզիական «Բոինգի» բեկորները
Երբ չորս տարի առաջ մալայզիական Boeing 777 հսկա օդանավն օդում անհետացավ՝ միանգամից ասես անէացնելով 239 մարդու, շատերի մեջ վախ առաջացավ անհայտ ուժերի նկատմամբ:

Բայց այժմ ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք եթե հաստատվեն, կբացահայտվի, որ մալայզիական «Բոինգը» պարզապես վթարվել է: Բրիտանացի Յան Ուիլսոնը հայտարարել է, թե ինքը գտել է այն վայրը, որտեղ 2014թ. մարտի 8-ի գիշերը կործանվել է ինքանթիռը: Հիշեցնենք, որ այն ռադարների էկրաններից անհետացել է հենց այդ ժամանակ, և մինչև օրս դրանից ոչ մի հետք չի գտնվել:
Ուիլսոնը լրագրողներին պատմել է, որ ինքն ինքնաթիռի բեկորները գտել է Google Maps-ի միջոցով: News Hub-ը հաղորդել է, որ այժմ ենթադրյալ կործամնան վայր են ճանապարհվել մասնագետները: Նշվում է, Ուիլսոնի ուղարկած հղումով բացվող առարկան իսկապես նման է ինքնաթիռի, միայն թե դրա երկարությունը 70 մետր է, այլ ոչ թե 63, որքան եղել է կորած ինքնաթիռի երկարությունը: Բրիտանացու մեկնաբանությամբ՝ դա բացատրվում է նրանով, որ վթարի ժամանակ ինքնաթիռի պոչային մասը սաստիկ տուժել է, ինչի պատճառով դրա իրանը ձևափոխվել է:
Մասնագետները պարտավորվել են կարճ աժամանակում ստուգել Ուիլսոնի ասածներն: Եթե պարզվի, որ Boeing 777-200-ը, որը Կուալա-Լումպուրից Պեկին էր թռչում, շատ այլ ինքնաթիռների նման պարզապես կործանվել է, ֆանտաստիկայի ժանրին առնչվող շատ ենթադրություններ հօդս կցնդեն: Կմնա միանգամայն երկրային բացատրություն սովորական վթարի մասին, ինչպիսիք, որքան էլ ցավալի է, անընդհատ տեղի են ունենում Ռայթեր եղբայրների ավելի քան հարյուրամյա գյուտից ի վեր: