Դեսպանատունը Երուսաղեմից դարձյալ Թել-Ավիվ տեղափոխելու Պարագվայի քայլին Իսրայելը պատասխանել է այդ երկրում իր դեսպանատունը փակելով

Երբ անցած տարվա դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճելի կարգավիճակ ունեցող Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ իր դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ է տեղափոխում, նրա այդ քաղաքականությանը հավանություն չտվեցին աշխարհի անդամ պետությունների մեծ մասը: Իսկ ահա Պարագվայը Միացյալ Նահանգներից հետո երկրորդ պետութունն էր, որն շտապեց մայիսին իր դեսպանությունը նրա օրինակով տեղակայել Թել-Ավիվում:
 
Բայց արի ու տես, որ դրա պատճառով այսօր խզված են Իսրայելի և Պարագվայի դիվանագիտական հարաբերությունները: Սեպտեմբերի 5-ին պաշտոնական Ասունսյոնը հայտարարել է, թե իր դեսպանատունը Երուսաղեմից դարձյալ Թել-Ավիվ է տեղափոխում, իսկ Իսրայելը Պարագվայի իր դեսպանատունը պարզապես փակում է: Այս որոշումը կայացվել է սեպտեմբերի 6-ին:
 
Դեսպանատան տեղադրության վայրի մասին իր որոշման փոփոխությունը Պարագվայի իշխանությունները բացատրում են «Մերձավոր Արևելքի խաղաղությանը նպաստելու» ցանկությամբ: Այս մասին հաղորդել է «Ռոսիա 24»-ը: 
 
Որքան էլ Մերձավոր Արևելքը հեռու է Հարավային Ամերիկայի այս ցամաքային պետությունից, տարածաշրջանի խաղաղությունը մտահոգել է դրա քաղաքական գործիչներին: Գաղտնիք չէ, որ Երուսաղեմում դեսպանատների առկայությունը վերստին լարեց պաղեստինա-իսրայելական հարաբերությունները, և արյունալի բախումներ եղան: Թերևս Թել-Ավիվի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը Պարագվայի համար մեծ կորուստ չէ, սակայն եթե նման քայլերը կարող են ամրապնդել մերձավորարևելյան տարածաշրջանի խաղաղությունը, պաշտոնական Ասունսյոնի արարքը կարելի է ձեռքբերում համարել գուցե թե հենց մարդկության համար: 
 
Նման արարքի մեկ այլ ձեռքբերում էլ երևի կլինի մնացած պետությունների ստացած դասը, որոնք Երուսաղեմի նման քաղաքում իրենց դեսպանատները տեղադրելուց առաջ կփորձեն քննել դրա հնարավոր ծանր հետևանքները: Չէ՞ որ տասնամյակներ շարունակ տարածաշրջանը փոթորկող պատճառները Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությամբ չեն վերանում, այլ միայն ավելի են սրվում: