Պատերազմ, որի ավարտը դեռևս չի երևում

Սիրիայի վերջին տարածքը, որը դեռևս վերահսկում են ահաբեկիչները, Թուրքիային սահմանակից Իդլիբ գավառն է: Բնականաբար՝ սիրիական պատերազմի բոլոր «խաղացողները» գոնե առերես համարում են, որ ահաբեկիչներն այս վերջին տարածքը նույնպես պետք է հանձնեն, իսկ Սիրիայի կառավարական ուժերը փորձում են մյուսների նման սա ևս ազատագրել ռազմական գործողություններով:
 
Սեպտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, թե իրենք ևս Ռուսաստանի նման անհանգստացած են Իդլիբում ահաբեկիչների առկայությունից, սակայն Վաշինգտոնում կտրականապես դեմ են Սիրիայի բանակի ռազմական գործողություններին՝ ընդդեմ տարածաշրջանում կուտակված գրոհայինների: Ըստ ԱՄՆ արտաքին գործերի պատասխանատուի՝ տարածաշրջանում իրավիճակը լուծել հարկավոր է «բացառապես դիվանագիտական ճանապարհով»:
 
Սիրիայի դաշնակից Ռուսաստանի մասին ավելի վաղ խոսել է նաև այս պատերազմի մեկ այլ «խաղացողի»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա նշել է, որ եթե Իդլիբում ռազմական գործողություններ լինեն, այդ դեպքում «Ռուսաստանի հետ համագործակցությունը» հատուկ կարևորություն է ձեռք բերում: 
 
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իդլիբում նախապատրաստվում է քիմիական գրոհ՝ որպես սադրանք Սիրիայի իշխանությունների դեմ: «Ավանգարդն» արդեն անդրադարձել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայտարարությանը, թե եթե Սիրիայի իշխանություններն Իդլիբում քիմիական զենք կիրառեն, իրենք ուժի կդիմեն: Դրանից հետո էլ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ահազանգել է, թե ահաբեկիչները մտադիր են Իդլիբում քիմիական զենք կիրառել և ներկայացրել է դա ապացուցող փաստաթղթավորված տեղեկատվություն: 
 
Սիրիական պատերազմն սկսվեց իշխանությունների նկատմամբ քիմիական զենքի մեղադրանքով, և այժմ էլ «գլխավոր հերոսի դերում» քիմիական զենքն է: Ընդամենը երկու օր առաջ աշխարհի լրատվամիջոցները լուր տարածեցին, թե ահաբեկիչներն ամբողջ աշխարհում մեծ հաջողությամբ քիմիական նյութեր ու պայթուցիկ սարքերի բաղադրիչներ են ձեռք բերում, որոնք շատ արագ հավաքում ու գործածության համար պիտանի են դարձնում: 
 
Մի բան պարզ է՝ Իդլիբում գործողություններ են լինելու: Դժվար է հավատալ, թե դրանք Պոմպեոյի ասած «բացառապես դիվանագիտական ճանապարհով» կլինեն: Իսկ վատագույն տարբերակը, թերևս, քիմիական գրոհը կլինի, որի վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը գուցե նորից մի անտրամաբանական գնահատական տա: