Թուրքական շեղումներ՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքից

Միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալված օրինաչափություն է, որ տվյալ երկրի առաջին դիվանագետը տարբերվում է իր հռետորաբանությամբ, հայտարարությունների ընթացքում օգտագործած լուսամուտ բաց թողնող ասելաձևերով, հաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Հաճախ էլ նկատվում է դերերի բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դեմքն է կարծր հայտարարությամբ կամ կամուրջ քանդող խոսքով հանդես գալիս, զուգահեռ՝ կամուրջ վերահաստատող հայտարարություն է հրապարակում արտգործնախարարը:
 
Թուրքիայի դեպքում միջազգային այս օրինաչափությունը տեղ-տեղ և  շատ հաճախ չէր աշխատում, և Էրդողան-Չավուշօղլու հայտարարությունների շեշտերը, կարծր առանցքները կամ ընդհանրապես հռետորաբանությունը նույնանում էին: Հայտնապես դժվար էր Թուրքիայի նախագահի հոխորտանքները մեղմացնել կամ այնպիսի հայտարարություն անել, որ կամուրջներ վերահաստատելու նախադրյալներ կարելի լիներ փոխանցել:
 
Այս բոլորով հանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույն ինքը՝ կամուրջ քանդողը, կարող է կտրուկ շրջադարձով կամուրջ վերահաստատել. ցնցումնային հետքայլերը այս դեպքում  կարող են ընկալվել միևնույն օրինաչափությամբ: Սակայն այս դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, ապահովաբար դերերի բաշխումով տեսանելի են դառնում շրջադարձային պետական մոտեցումներ: Այսպես. «ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարող որևէ ձևով այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հարաբերություններին», ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
 
Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան ուզում է հարթել Վաշինգտոնի հետ հարաբերությունները և վստահ է, որ որևէ հարց կարելի է լուծել միայն երկխոսության ճանապարհով:
 
Անկարայի դիվանագիտության կողմից այս ետդարձը ոչ միայն կապ չունի Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի նախագահի ոճի հետ, այլ ուղղակի շրջում է նրա սպառնական բովանդակությունը: Այստեղ արդեն ուղերձն ուղղվել է թե՛ Մոսկվային և թե՛ Վաշինգտոնին: Մոսկվայինը՝ գուցե Իդլիբի վրա թուրքական վերահսկողությունը կորցնելու դիմաց:
 
Որոշակի տարբերություն գոյություն ունի ԵՄ-ի ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարին տրվել էր պարտականություն՝ մեղմելու իր նախագահի կողմից նաև դեպի ԵՄ կատարված հրապարակային սպառնալիքները: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես հաստատում էր, որ ԵՄ-ի անդամակցության հարցը Թուրքիայի համար նկատվում է առաջնահերթություն: 
 
Պաշտոնական Անկարայի կատարածը բանակցությունների ապասառեցման դիմում-առաջարկի համազոր հայտարարություն է: Այս անգամ առաջին հակազդեցությունը հնչել է Փարիզից. նախագահ Մակրոնն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամական քաղաքականություն են որդեգրել, և այս պայմաններում ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցելը իմաստ չունի: 
 
Պաշտոնական Անկարայի արձագանքը չի ուշացել։ Թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի համար ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցություն է իրականցնում թե՛ ահաբեկչության, թե՛ փախստականների ճգնաժամի դեմ պայքարի շրջագծում։
 
Արձագանքը ափսոսանքից ավելի, ըստ էության, շանտաժի ուղերձ է ներառել։ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ապասառեցումը եթե տեղի չունենա, ապա խնդրո առարկա կդառնա ահաբեկչության դեմ պայքարի և փախստականների հակաճգնաժամային գործողությունների առումով ԵՄ-ի հետ Անկարայի համագործակցությունը:
 
Կամուրջներ վերահաստատելու քաղաքականությունում առայժմ տարբերություն է երևում դեպի Վաշինգտոն և դեպի Բրյուսել Անկարայի մեկնարկած նոր խուսանավումներում: Հատկապես առկա է Անկարայի սպառնական բովանդակությունը դեպի ԵՄ:
 
Մոսկվային և Թեհրանին առընթեր ինքնադասակարգված Անկարան, թեկուզ դիավանագիտավան շանտաժային ասելաձևերով՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական առանցքից շեղումներ է դրսևորում։ Այդ շեղումների շարժառիթներից մի բաժին կարող է կապված լինել սիրիական հանգուցալուծման գործընթացում Թուրքիայի առաջադրանքների շրջանցումների հետ: Իդլիբի ճակատագիրը այդ առումով կարող է ցուցանշային լինել։
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր