Կոչերով ցավին դարման չես անի

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱԿԱԴՐՎԵԼ ՆԵՈՆԱՑԻԶՄԻՆ ՈՒ ՀՐԵԱՏԵՑՈՒԹՅԱՆԸ

Անօրինական ներգաղթյալների խնդիրը վերստին ալեկոծել է Եվրոպան. այս անգամ՝ մասնավորապես Գերմանիան: Անցած շաբաթվանից Հեմնից քաղաքում չեն դադարում բողոքի գործողություններն ու ցույցերը: Տեղացիները պահանջում են Գերմանիայից արտաքսել բոլոր անօրինականներին և սպառնում են նրանց հետ հաշվեհարդար տեսնել: Հուզումների առիթը ծեծկռտուքն է Իրաքից և Սիրիայից ներգաղթածների հետ, որի ընթացքում տեղի մի բնակիչ է զոհվել:
 
Անցած կիրակի ներգաղթյալների դեմ բողոքի է դուրս եկել 9000 մարդ, բողոքն այնքան բուռն է եղել, որ նրանցից 300-ին ոստիկանությունը ձերբակալել է:
 
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 3-ին «Բիլդ» պարբերականում հրապարակված հայտարարության մեջ երկրի քաղաքացիներին կոչ է արել հակադրվել նեոնացիստներին ու հակասեմիտականներին: Մաասի խոսքերով՝  երկիրը չի կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, և իրենք պետք է «ծայրահեղ աջերի դեմ երես առ երես կանգնեն»:
 
Այն, ինչ կատարվում է այսօրվա Եվրոպայում, մեկ օրում, մեկ տասնամյակում, անգամ մեկ դարում չէ, որ սկիզբ է առել: Դա հարյուրամյակների ընթացքում Եվրոպայի վարած նվաճողական քաղաքականության արդյունքն է՝ ներառյալ աշխարհում տեղի ունեցած այլ բացասական գործընթացները: 
 
Ու հիմա աշխարհի հզորագույն երկրներից մեկի արտաքին գործերի պատասխանատուն մի՞թե կարծում է, թե վեհ գաղափարների կոչերով կարող է իրավիճակ փոխել: Այն էլ այն դեպքում, երբ գերտերությունները սխալ սխալի, իսկ գուցե նաև հանցանք հանցանքի հետևից են գործում՝ ամբողջ աշխարհին փորձելով պարտադրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության ու նման այլ, կարծես թե միանգամայն մարդասիրական  գաղափարների իրենց պատկերացումները: Եվ պարտադրելիս էլ չեն քաշվում ուժի դիմել և զանազան հեղափոխությունների կամ պատերազմների ձևով ներխուժել իրենց շահերի ոլորտում հայտնված երկրներ: 
 
Հեմնիցն ընդվզումի ու ապագա քաոսի ընդամենը մեկ ալիքն է, այն էլ դեռ ցունամիի չի ձգտում: Օվկիանոսների ցունամին դեռևս դեռևս անզսպելի են, իսկ հասարակության ցունամին հնարավոր կլինի՞ զսպել: