Գաղտնազերծումներ` ընդդեմ պատժամիջոցների

Ամերիկյան պատժամիջոցները ռուսական կողմի հայացքը նաև արխիվներին է հառել, որոնց գաղտնազերծվող փաստաթղթերն ինչ սարսափելի իրողություններ ասես, որ երևան չեն հանում:

Այս տեղեկատվությունը կարելի է նաև միակողմանի համարել, որովհետև ամերիկյան գաղտնազերծումները դեռևս մեզ հայտնի չեն: Իսկ փաստն այն է, որ ռուսական կիրակնօրյա լուրերը (մասնավորապես` «ՌԻԱ-նովոստիի») հեղեղված էին մի տեղեկությամբ, որը բացահայտում է անցած դարի 60-ականներին Միացյալ Նահանգների հրեշավոր ծրագիրը:

Ըստ այդ տեղեկությունների` Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից գործող «Ազգային անվտանգության արխիվ» ոչ առևտրային կազմակերպության կայքում հրապարակվել է գաղտանազերծված փաստաթուղթ, որը բացահայտում է, որ 1960-ականներին Միացյալ Նահանգներում կազմել են Չինաստանի և ԽՍՀՄ բնակիչներին ոչնչացնելու ծրագրեր: Փաստաթղթերը թվագրված են 1964թ. և նախատեսում են միջուկային զենք կիրառել ԽՍՀՄ-ի արդյունաբերական ներուժի 70%-ը ոչնչացնելու նպատակով:

Փաստաթղթի մտահղացման համաձայն` նաև հնարավոր է համարվել Խարհրդային Միության բնակչության լիովին բնաջնջումը: Single Integrated Operational Plan (SIOP)-ի համաձայն` 1961թ. հարվածով ենթադրվել է ոչնչացնել քաղաքացիների 71%-ին, իսկ 1962թ. գնահատականներով` մոտ 70 մլն մարդու: Դրանից առաջ ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսել էին միջուկային պատահական պատերազմի սկիզբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Իսկ պատահականությունը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ սխալմամբ պատասխան հարված կարող է հետևել սովորական մարտագլխիկների արձակման ժամանակ, որոնք նույնպես հսկվում են դիտարկման և հետախուզական սարքերով:

Թե այս տեսանկյունից ինչ է թաքցնում Խորհրդային Միության գաղտնի արխիվը` չգիտենք: Մի բան, սակայն, հաստատ է` այն ավելի մարդասիրական չէ, քան ամերիկյանը: Ու նաև դժվար է ըմբռնել, թե ինչն է մինչև այս պահը մեր մոլորակը փրկել ատելությունից եռացող իշխողների միջուկային ու այլ խարդավանքներից: