Սիրիան՝ տարբեր երկրների ԱԳՆ ղեկավարների դիտակետում

Վիեննայում օգոստոսի նախավերջին օրը հանդիպել են Եվրամիության արտգործնախարարները: Այդ երկօրյա ոչպաշտոնական հանդիպման ժամանակ հյուրընկալ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն խոսել է Սիրիայի վերականգնման գործում ԵՄ մասնակցության կարևորության մասին:
 
- Հասկանալի է, որ հաջորդը կլինի հարցը, թե ինչպես վարվել վերականգնման գործում, ինչ անել բարեփոխումների հետ: Միանգամայն տեղին կլինի, եթե Եվրոպան ոչ միայն կողքից նայի, այլև մասնակցի,- ասել է Քարին Քնայլսը և հավելել, որ այդ թեման ինքը վեր է հանելու թե՛ Վիեննայում ընթացող այդ հանդիպմանը, թե՛ հետագա հանդիպումներին: 
 
Նույն օրը Սիրիայի արտգործնախարարն էլ հանդիպել է Ռուսաստանի դաշնության իր պաշտոնակցի հետ, որտեղ նույնպես խոսվել է արևմտյան երկրների ու Սիրիայի հարաբերությունների մասին: Նկատի ունենալով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի սպառնալիքը՝ Իդլիբում քիմիական զենք կիրառելու դեպքում ռազմական հարված հասցնել, Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում իրենք կօգտագործեն պաշտպանվելու իրենց իրավունքը: 
 
- Մենք ինքնապաշտպանության մեր իրավունքը կօգտագործենք ամբողջ ուժով: Հետևանքները լինելու են սարսափելի և իրավիճակի վրա բացասաբար են ազդելու: Մենք հենց այս պահին եռյակի հարձակումից նախազգուշացնում ենք,- ասել է Մուալեմը: 
 
Նա նշել է, որ այժմ երկիրն անվտանգության ու կայունության վերականգնման վերջին փուլում է, աշխուժանում են երկրի վերականգնման ծրագրերը: 
 
- Այժմ մենք սկսել են իրականացնել սիրիացի փախստականներին իրենց տները վերադարձնելու մեր ծրագրերը: Եթե Արևմուտքը փախստականների համար անհանգստանում է, ապա հարկավոր է, որ գործուն մասնակցություն ունենա մեր երկրի ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնմանը,- ընդգծել է նա: 
 
Այնքան էլ հստակ չէ, թե Ավստրիայի արտգործնախարարն ինչ նկատի ունի, երբ խոսում է բարեփոխումներից: Վերջերս մենք սովորել ենք, որ բարեփոխում ասելով Եվրոպան հասկանում է, օրինակ, միասեռականների իրավունքների պաշտպանությունը: Իսկ Սիրիայի արտգործնախարարի դիտողությունն իրոք ուշագրավ է:
 
Փախստականների ձեռքից կրակն ընկած Եվրոպան կարծես ամեն ինչ անում է, որ նրանց հոսքն ավելի մեծանա: Իսկ դա կլինի, եթե Սիրիայում իրավիճակը դարձյալ սրվի, երկրի վերականգնումն էլ ուշանա: Ելնելով Ավստրիայի նախարարուհու խոսքերից՝ Եվրոպայում դա հասկացողներ կան: