ՔՈՉՎՈՐԻ ՀԱՄԱՐ Ի˜ՆՉ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ ԿԱՄ ՊԱՀԱՆՋ

Փաշազադեի արշինը միայն իրեն կարող է չափել

Անկոտրում Ադրբեջանի համար գործունեության նոր ասպարեզ է բացվել: Պարզվում է՝ Արցախում աճեցրած հաճարն արտահանվում է մի շարք երկրներ՝ Իտալիա, Հոլանդիա, Իսրայել, Ռուսաստան, իսկ ԱՄՆ-ն ու Շվեյցարիան դրանով հետաքրքրվել են: Եվրոպացիներին, հասկանալի է, հրապուրել է արցախյան հացահատիկի բարձր որակը, բնամաքուր լինելը: Շատերն են արդեն գիտակցում, թե թունաքիմիկատներով հագեցած և գենետիկորեն ձևափոխված սննդամթերք օգտագործելը ինչքան վնասակար է, և ահա Արցախում աճեցված ու Հայաստանում վերամշակված մաքուր սննդամթերքը եվրոպացիներին դուր է եկել: Ոչ մի կասկած չկա, որ Ադրբեջանը այս առիթով նույնպես սկսելու է վեր-վեր է թռչել՝ թութակի նման կրկնելով իր նույն՝ «նյութական» և «ոչ նյութական» փաստարկները:    
 

Սակայն առավել հետաքրքրականը նրանց արձագանքն է Շուշիի մզկիթի վերանորոգման առնչությամբ: Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե հայկական կողմն այդ վերանորոգումը ձեռնարկել է սադրիչ նպատակներով: Որ մզկիթը մահմեդական կառույց է, իսկ ադրբեջանում հիմա թրքալեզու մահմեդականներ են ապրում, փաստ է: Միայն թե որտե՞ղ է գրված, թե այդ մզկիթը «ադրբեջանական մշակույթի» կոթող է, ավելի հավանական է՝ այն պարսիկներն են ժամանակին այդտեղ կանգնեցրել, Ադրբեջանն էլ, իր սովորության համաձայն, սեփականել է: Իսկ հայերի համար, ինչպես հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, այն ուղղակի վնասված ճարտարապետական կոթող է, որը հարկավոր է վերանորոգել:

Հետաքրքիր է՝ հոգևոր առաջնորդ կոչվածը ի՞նչ հոգևոր պահանջներով է բացատրում հայկական խաչքարերի փոշիացնելն իր ազդեցության ոլորտում գտնվող Նախիջևանում, ապա և հոգևոր ի՞նչ սադրանք է տեսնում իր հավատի կոթողը վերականգնելու՝ հայկական կողմի մտադրության մեջ: Ասենք` քոչվորի համար հոգևոր պահանջն ի˜նչ է, հոգևոր արժեքն ի˜նչ…
 
Մի բան հստակ է անվերապահ՝ ամեն մարդ դիմացինին սեփական արշինով է չափում: