ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող իրավիճակը քաղաքական լուծում չունի

ՌՈՈՒՀԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Երեկ` օգոստոսի 29-ին, Իրանի առաջնորդների միջև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ զրույց է ընթացել: Նախագահ Հասան Ռոուհանին հանդիպել է երկրի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի հետ և նշել, որ ընթացիկ փուլում ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները քաղաքական լուծում չունեն: Լուրը տարածել է  Tasnim գործակալությունը:

- Ընթացիկ իրավիճակը քաղաքական լուծում չունի, քանի որ ամերիկյան կառավարությունը, որը խախտելով բոլոր միջազգային իրավունքները` պատժամիջոցներ է դրել Իրանի վրա, վստահության արժանի չէ,- ասել է Ռոուհնին:

ԻԻՀ նախագայը նաև նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը «տնտեսական ճնշմամբ չի սահմանափակվում»:

- Նրանք ցանկանում են հարված հասցնել մեր երկրի ինքնիշխանությանը,- հավելել է նա:

Միաժամանակ Համենեիի պաշտոնական կայքում հրապարակվել է նրա հայտարարությունը, որտեղ Իրանի ղեկավարն ու հոգևոր առաջնորդն ասել է.

- Միջուկային գործարքը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Եթե այն չի  պատասխանելու մեր ազգային շահերին, ապա մենք նրանից դուրս կգանք:

Եթե երկու պետությունների միջև լարված իրավիճակը քաղաքական լուծում չունի, չի՞ նշանակում, որ միակ այլընտրանքը պատերազմն է: Իսկ եթե Իրանը դուրս գա միջուկային գործարքից, դա մի՞թե ուղղակի նրա ձեռքերը չի արձակի ատոմային զենքի ստեղծման համար: Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում` պատերազմն անխուսափելի՞ է: Պատերազմ, այն էլ` երկու միջուկային տերությունների միջև: Ու չմոռանանք. հենց մեր քթի տակ` մեր սահմանակից պետության մասնակցությամբ: 

Թերևս իրավիճակը կարող են փրկել հատկապես միջուկային պայմանագրի կողմ երկրները` եթե անհրաժեշտ կամք ու ինքնուրույնություն դրսևորեն: