Ամերիկան նոր նախագահ չի ուզում

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի կուլիսներում և լրատվամիջոցներում աշխուժորեն քննարկվում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնաթողության հարցը: Բայց քանի որ Միացյալ Նահանգներն աշխարհի ամենաժողովրդավարական երկրիրն է համարվում, այնտեղ ամենակարևորը ընտրողի կարծիքն է, ինչն էլ փորձել է պարզել Survey Monkey սոցիոլոգիական ծառայությունը՝ կատարելով Axios պորտալի պատվերը:
 
Օգոստոսի 28-ին հրապարակված տվյալներից պարզվել է՝ ԱՄՆ քաղաքացիների միայն 44%-ն է կողմ, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց սկսվի: Ուշագրավ է, որ հանրապետական նախագահին դեմ են եղել հատկապես Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց շրջանում պաշտոնաթողության գաղափարը պաշտպանում է 79%-ը: Նրանց շրջանում, ովքեր իրենց հանրապետականների կողմնակիցներ են հայտարարել, այդ գործընթացի սկսելուն կողմ է միայն 8%-ը:
 
ԱՄՆ նախագահի շուրջն այս իրավիճակը նշանակալի չափով առաջացել է անցած շաբաթ, երբ դատական գործընթացներ էին ընթանում նրա երկու նախկին կողմնակիցների նկատմամբ: Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Պոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկային մեքենայությունների համար, իսկ նախկին փաստաբան Մայքլ Քոենը երդումով հաստատել է, թե 2016թ. Թրամփն իրեն ըստ էության հարկադրել է ֆինանսական հանցանք գործել: Միայն թե դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ նախկին փաստաբանի գործողություններում ոչ մի հակաօրինական բան չի եղել, քանի որ «փոխհատուցումները» առանձնացվել են իր անձնական հաշիվներից:
 
Այդուհանդերձ՝ Survey Monkey-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացինների 2/3-ը (64%) հավատում է Քոենի ցուցմունքներին: Հարցումն անցկացվել է օգոստոսի 22-24-ը, և դրան մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 4,3 հազար ամերիկացի: Նշվում է, որ վիճակագրական սխալի հավանականությունը 3% է:
 
Այսպիսով՝ Ամերիկան նախագահական արտահերթ ընտրություններ չի ուզում: Եվ ճիշտ էլ անում է: Մի՞թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը երբևէ պայմանավորված է եղել նրա նախագահի անձով կամ կուսակցական պատկանելությամբ: Միակը, ով, ասում են, ցանկացել է շեղվել ամերիկյան «գծից», եղել է Քենեդին: Իսկ թե ի՞նչ կատարվեց նրա հետ՝ տասնամյակներ անց էլ  աշխարհը լավ է հիշում: