Անկախության օրը նշել են բողոքի ցույցերով

Մոդովացիներն իրենց երկրի անկախության տոնը նշել են բողոքի ցույցերով: Երկրի կառավարության հրաժարականը նրանց գլխավոր պահանջն է: «Ավանգարդը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետի ընտրության հետ կապված բողոքի գործողություններին:
 
Հիշեցնենք, որ ձայների կեսից ավելին ստացած թեկնածուին այդպես էլ քաղաքապետ չհռչակեցին՝ մտացածին պատճառներով չեղյալ համարելով ընտրությունների արդյունքները:
 
Իսկ հիմա արդեն Քիշնևում ցուցարարներն ավելին են պահանջում:  
 
Այս անգամ մոլդովացիների բողոքը երկու օր է տևել և զուգադիպել է Անկախության օրվան: Օգոստոսի 26-ին Շտեֆան երրորդ Մեծի հուշարձանի մոտ ցուցարարներն առաջ են քաշել հետևյալ պահանջները. Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականը, խորհրդարանական ազատ ընտրությունների կազմակերպում և խոշոր կոռուպցիոն վարկաբեկությունների հետաքննություն: Այնուհետև ընդդիմադիրները մի քանի երթ են իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում՝ իշխանություններին մեղադրելով գողության համար: 
 
Ցուցարաները կառավարությանն են պատասխանատու համարում նաև զանգվածային արտագաղթի, բնակչության աղքատացման, ինչպես նաև Եվրոպական Միության հետ ասոցիացիայի պայմանագրի հետագա իրկանացմանն սպառնացող վտանգի համար: 
 
Ինչպես հաղորդել է Newsmaker.md պարբերականը՝ բանաձևի հրապարակումից հետո բողոքավորները ունկնդրել են ռեփ երգիչ Մեյնին, ով կատարել է «Մոլդովական երազանք» երգը, և ամբողջ գիշեր մնացել են գլխավոր հրապարակում, որպեսզի օգոստոսի 27-ին՝ Անկախության օրը, շարունակեն բողոքի գործողությունները: 
 
Ի՞նչ են տվել Մոլդովային անկախության տասնամյակները, երևի բոլորն էլ իրենց մաշկի վրա են զգացել: Ու հիմա այդ խորհրդանշական օրը բողոքի գործողություններ իրականացնելով՝ մոդովացիները թերևս ուզում են ցույց տալ, որ երկրի տերն իրենք են և ցանկանում են այն տեսնել բարգավաճ ու ապահով: Որպես նախկին խորհրդային տերությունից անկախացած պետություններ՝ Հայաստանի ու Մոլդովայի միջև ընդհանուր շատ բան կա, և դիտարկելով մեկում կատարվող գործընթացները՝ կարելի է դասեր քաղել մյուսի համար: