ԻՊ-ը վերափոխվում է ընդհատակյա ցանցի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր վերջին զեկույցում նախազգուշացնում է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածքային սուբյեկտից վերափոխվում է ընդհատակյա ցանցի: Օգոստոսի 23-ին տարածված զեկույցում Գուտերեշը մասնավորապես նշում է.
 
- Չնայած ահաբեկչության և մարտնչող ծայրահեղականության դեմ պայքարի միջոցառումների աշխուժացման գործում անդամ-պետությունների շարունակվող ջանքերին՝ շատ հիմնախնդիրներ պահպանվում են: 
 
Ըստ նրա՝ այդ խնդիրները պայմանավորված են ԻԼԻՊ-ի շարունակվող կերպարանափոխությամբ, որը տարածքային  սուբյեկտից վերածվում է ընդհատակյա ցանցի, գործունեություն է ծավալում տարածաշրջանային բաժանմունքներում: Մեծ սպառնալիք են նաև ճակատային գծից վերադարձող և տարբեր վայրերում տեղաշարժվող արտասահմանցի գրոհային ահաբեկիչները: Ահաբեկիչներին հակադարձելու հիմնախնդիրները բխում են նրանից, որ ձեռնարկվող միջոցառումները գնալով ավելի մեծ նրբություն են պահանջում, տեխնոլոգիական տեսանկյունից բարդ են, նաև պահանջվում են փորձագիտական գիտելիքներ և թանկարժեք միջոցներ: 
 
Գուտերեշը հաստատել է, որ ահաբեկչության դեմ պայքարը կազմակերպության գերակայություններից մեկն է մնում: Նա մտադրություն է հայտնել «ապավինել նրան, ինչին հասել են Ահաբեկչության դեմ պայքարի շաբաթվա ընթացքում»: Հիշեցնենք, որ այն ՄԱԿ-ում անցկացվել է հունիսի վերջին: 
 
- Շատ որոշումներ, որոնք առաջարկվել են այդ շաբաթվա քննարկումների ընթացքում, թույլ կտան մեծացնել անդամ-երկրներին ՄԱԿ-ի օգնության արդյունավետությունը՝ ԻՊ-ից բխող պայքարում,- նշված է գլխավոր քարտուղարի զեկույցում: 
 
Նա, օրինակ, առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի գծով համակարգողների համամոլորակային ցանց և օպերատիվ տեղակատվության փոխանակում կազմակերպել: 
 
Այն, որ ահաբեկչության դեմ պայքարը իրոք մեր մոլորակի բախտը տնօրինողների գլխավոր խնդիրներից մեկն է՝ ոչ մի կասկած: Այդ գործում գուցե արժե, որ նրանք օրինակ վերցնեն հենց ահաբեկիչներից, որոնք իրենց ճկուն գործունեությամբ, քողարկվելու և հանկարծակի հարձակվելու կարողությամբ լարվածության մեջ են պահում ամբողջ մարդկությանը: 
 
Քանի որ մինչև այժմ նրանց դեմ պայքարը արդյունավետ չի եղել, եթե չասենք՝ հնարավորություն է տվել տարածվել ու գործունեության նորանոր ուղիներ գտնել, նրանց հաղթելու համար հենց իրենցից սովորելն ամոթ չի լինի: Կստացվի, որ թշնամու դեմ իր զենքով են դուրս գալիս: Բայց իհարկե, դա էլ արդյունք չի տա, եթե ահաբեկությունը խեղդել ցանկացողները միջոցներով, հնարամտությամբ, գիտելիքներով ու կամքով նրանցից առավել չլինեն: