Լինել ԱՄՆ-ին հակակշիռ. ԳԴՀ ԱԳ նախարարի կոչը եվրոպացիներին

Իրանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փուլն արդեն ուժի մեջ է մտել, և երևում է՝ Եվրոպան սկսել է դրա ծանրությունն իր մաշկի վրա զգալ: Այնտեղ մտածում են հետևանքները թեթևացնելու միջոցներ գտնել, իսկ դրա լավագույն տարբերակը Միացյալ Նահանգներից անկախ գործելն է: Այդ են վկայում Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի խոսքերը, որոնք մեջբերվել են Handeslblatt թերթի երկուշաբթի օրվա համարում հրապարակված հոդվածում:
 
- Մենք ամերիկացիներին պարզ ասել ենք, որ Իրանի հետ գործարքից դուրս գալը սխալ ենք համարում,- նշել է Մաասը: 
 
Հիշեցնելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները դարձյալ ուժի մեջ են մտել՝ նա մատնանշել է այն քայլերը, որոնք Եվրոպան այդ պարագայում պետք է ձեռնարկի: 
 
- Այդ պատճառով անհրաժեշտ է մեծացնել Եվրոպայի ինքնավարությունը՝ ստեղծելով ԱՄՆ-ից անկախ վճարման խողովակներ, Արժույթի եվրոպական հիմնադրամ և SWIFT անկախ համակարգ,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը: 
 
Նշենք, որ SWIFT-ը դրամական փոխանցումների բանկային համակարգ է: Իսկ Իրանի հետ միջուկային պայմանագրի կողմ Գերմանիայի արտաքին գործերի պատասխանատուն եվրոպացիներին կոչ է արել «ԱՄՆ-ին հակակշիռ լինել բոլոր այն դեպքերում, երբ նա հատում է կարմիր գիծը»: 
 
Թերևս սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ լավ է ուշ, քան երբեք: Թե չէ արդեն այնպիսի տպավորություն էր, թե Եվրապան ուղղակի Միացյալ Նահանգների արձագանքն է, որ հլու-հնազանդ վանկարկում է նրա բոլոր պահանջները: