Ադրբեջանը մերժել է Գերմանիային

Վայլերը, այսպիսով, բախտ չի ունենալու այցելել Իլհամի դրախտը և ծաղիկներ դնելու շահիդներ կոչվող մարդասպանների գերեզմաններին: Չի բացառվում, որ նրան կարող էին առաջարկել սեղմել Ռամիլ Սաֆարովի ձեռքը: Բայց եթե աշխարհը սրանք նկատելու ազնվություն ունենար, ո՛չ այսօրվա աշխարհի քաղաքական քարտեզին Ադրբեջան անունով պետություն կլիներ Արաքսից հյուսիս, ո՛չ էլ Գերմանիայի նման հին ու հզոր պետությունն այնքան կնվաստանար, որ նրա հետ բանակցեր ու մերժում ստանար:
 
Աշխարհի լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են, որ այս շաբաթ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը այցելելու է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Վերջինիս սա հիանալի առիթ է տվել վերստին մեջտեղ բերելու իր տխրահռչակ սև ցուցակն ու բոլորին ցույց տալու, թե որքան «հզոր» ու «սկզբունքային» է ինքը: Բունդեսթագի պատգամավորներից մեկը 2014 և 2016թթ. այցելել է Արցախ, և բնականաբար՝ նա Մերկելի պատվիրակության կազմում Ադրբեջան այցելել չի կարող: Ադրբեջանը օգոստոսի 20-ին մերժել է նրան այցագիր տրամադրել:   
 
Այս մասին Bild պարբերականի հրապարակումը հետաքրքրել է նաև ռուսական լրատվամիջոցներին: Թարգմանաբար ներկայացնում ենք ՏԱՍՍ գործակալության կարճ լուրը:
 
- Ադրբեջանը Քրիստոնեա-ժողովրդավարական միությունից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել այցագիր տրամադրել: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Bild լրագրի կայքը:
 
Վայլերը Անդրկովկասի հետ համագործակցության գծով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է, ներառված է եղել գերմանական պատվիրակության կազմում: 2014 և 2016թ. այցելել է Լեռնային Ղարաբաղ: 
 
Պարբերականը նշում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն երկուշաբթի կապ է հաստատել Ադրբեջանի դեսպանության հետ և անհաջող կերպով փորձել է կարգավորել Վայլերի այցագրի հետ կապված իրավիճակը: Քաղաքական գործիչն ինքը պարբերականին հայտարարել է, թե ինքը տարածաշրջանի ճակատագրի հանդեպ անտարբեր չէ և ուրախությամբ հանդես կգար միջնորդներից մեկի դերում: