ԵՀ-ն խոստովանում է՝ Հունաստանի նկատմամբ սխալներ են թույլ տրվել

Դեռ լավ է, որ այս դեպքում սխալի որոշակի գիտակցություն կա:
 
Այսօր Արևմուտքն ու միաջազգային կառույցները կարծես միայն մեկ նպատակ ունեն՝ թալանված, աղքատության դուռը հասցված երկրներին վարկեր տրամադրել՝ դրա փոխարեն ընդունել տալով օրենքներ ու որոշումներ, որոնք ոչ մի չափով չեն նպաստում տվյալ երկրի իրական առաջընթացին: (Հիշենք, օրինակ, տարբեր ենթակառուցվածքների սեփականաշնորհման պարտադրանքը կամ սեռական փոքրամասնություն հորջորջված երևույթի իրավունքի ամրագրումը): Բայց ամենազավեշտականn այն է, որ այդ վարկերի գումարները, որոնք վերադարձնելու համար պետության հասարակ քաղաքացիները տասնամյակներ, անգամ գուցե հարյուրամյակներ պետք է քրտնաջան աշխատեն ու զրկանքներով ապրեն, մեծամասամբ հոսում են մի քանի կոռումպացված անկուշտների գրպանները:
 
Սկսած 2010-ից՝ Հունաստանը վարկեր է ստանում Եվրագոտու երկրներից և միջազգային տարբեր կառույցներից՝ փոխարենն իրականացնելով այդ կառույցների պահանջած բարեփոխումները: Թե որքան փորձություններ անցան այս հինավուրց երկրի գլխով վերջին  ութ տարում՝ աշխարհը տեսավ: Իսկ ահա օգոստոսի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի և ֆինանսների գծով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին խոստովանել է, որ Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ծրագրերն իրականացնելիս սխալներ են թույլ տրվել:
 
- Ես գիտեմ, որ կանոնավորման գործընթացը Հունաստանում եղել է երկարատև ու ցավագին: Այն ներառել է բարդ որոշումներ, եղել են նաև ոչ կատարյալ որոշումներ, այդ թվում՝ նաև սխալներ,- լրագրողներին ասել է Մոսկովիսին:
 
Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու նախագծի թերությունների մասին Մոսկովիսին ավելի վաղ էլ է արտահայտվել՝ նշելով, թե ինքն այն համարում է ոչ բավարար ժողովրդավարական ու թափանցիկ: Նա ասել է, թե Եվրախումբը (այսպես է կոչվում եվրագոտու ֆինանսնարի նախարարների խորհուրդը), որը վերջնական որոշումներ է ընդունել ֆինօգնության ծրագրեր բացելու և վարկերի տրանշներ տրամադրելու համար՝ դրանց դիմաց պահանջելով երկրում բարեփոխումներ իրականացնել, ինքնին, որպես գործընկերային մարմին, իրական ժողովրդավարական վերահսկողության չի ենթարկվում: 
 
Մոսկովիսին խոստովանել է, որ ինքը մասնակցելով Եվրախմբի նիստերին՝ իրեն բարդ իրավիճակում էր զգում, որ փակ դռների հետևում որոշվում էր միլիոնավոր հույների ճակատագիրը: Եվրահանձնակատարն այդ իրավիճակն անվանում է «ժողովրդավարական սկանդալ»: Նա այն կարծիքին չէ, թե եվրագոտու նախարարներն ինչ-որ չար նպատակ են հետապնդել, բայց գտնում է, որ նրանք իրավիճակի մասին ամբողջապես տեղեկացված չեն եղել կամ իրենց ազգային խորհրդարններից ճշտված մանդատ չեն ունեցել: 
 
Եվրահանձնակատարը վիճակագրություն էլ է նշել: Միայն վերջին երեք տարում Հունաստանում 450 բարեփոխում է իրականացվել, իսկ Կայունության եվրոպական մեխանիզմը (ESM) 61,9 մլրդ եվրո է տրամադրել: Հունաստանը 2010-ից ի վեր ֆինօգնության ծրագրով (որպես իր տնտեսությանն աջակցություն) ստացել է 290 մլրդ եվրո վարկ՝ դրա փոխարեն կատարելով փոփոխություններ, որոնք շատ ծանր ու ցավագին ընթացք են ունեցել: