Կոալիցիան Իրաքում ներկայությունը կպահպանի` «որքան հարկ կհամարի»
Միացյալ Նահանգներն ու իր ղեկավարած կոալիցիան առայժմ մտադիր չեն հրաժարվել Իրաքում ռազմական ներկայությունից:
Կոալիցիայի ուժերն այդ երկրում մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ են համարում: Այս մասին կիրակի օրը Աբու-Դաբիում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը:
- Մենք Իրաքում մեր զինուժը կթողնենք այնքան ժամանակ, որքան հարկ կհամարենք: Այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել ռազմական տեսանկյունից, դրա հիմնական պատճառը կայունությունն ամրապնդելն է,- ամերիկացի գնդապետ Շոն Ռայանի խոսքերն է փոխանցել Al Hadath ռազմական հետուստաալիքը:
Հայացք նետելով ընթացիկ տասնամյակի խորքերը` կարելի է նշել, որ ԱՄՆ-ն իր ուժերն Իրաքից հանել էր 2011թ., սակայն 2014թ. օգոստոսին վերադարձրել էր` երբ ԻՊ-ն այդ երկրից հսկայական տարածքներ էր զավթել: 2017թ. դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց, թե խմբավորումը պարտության է մատնվել: Ահաբեկիչներին արմատախիլ անելու գործողություններին աջակցել էր ԱՄՆ ղեկավարած կոալիցիան, ինչն էլ նախագահ Դոնալդ Թրամփին առիթ էր տվել պարծենալու, թե իր երկիրը Սիրիայում և Իրաքում հաղթել է ԻՊ-ին:
Երևում է` ԱՄՆ ռազմական ներկայությունը իրաքցիների համար այնքան էլ հաճելի չէ, քանի որ այս տարվա փետրվարի սկզբին ալ-Աբադին հայտարարեց, թե Բաղդադը ծրագիր է ընդունել` Դաշինքի ներկայությունն աստիճանաբար կրճատելու: Երկրի խորհրդարանի պատգամավորներն էլ պահանջել են գործընթացն արագացնել:
Արաբական ԶԼՄ-ների տվյալներով` ամերիկյան զինծառայողներն Իրաքում շուրջ 5,5 հազ. են: Նրանք հիմնականում տեղաբաշխված են Բաղդադում, արևմտյան Անբար գավառում, հյուսիսում` Նայնավում, ինչպես նաև քրդական ինքնավարության մայրաքաղաք Իդլիբում: Նրանք առաջադրանք ունեն նախապատրաստել Իրաքի անվտանգության ուժերին, ապահովել ռազմական խորհրդատվություն և աջակցել զինվելու գործում:
Ելնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ այժմյան քաղաքականությունից` ամերիկյան ռազմական ներկայությունից ազատվելու Իրաքի երազանքը դժվար թե մոտ ժամանակներս կատարվի: Չէ՞ որ Իրանի հետ ռազմական բախման պարագայում նրանց այս տարածաշրջանում հնարավորինս շատ հենակետեր են հարկավոր լինելու: