Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կկնքե՞ն հաշտություն մեկ տարով

Այս ամառ Գազայի հատվածում վերստին շիկացած իրավիճակը, հնարավոր է, բարելավվի՝ մեկ տարով կրակի դադարեցման ու հաշտեցման համաձայնագրով: Լուրեր են տարածվում, թե հնարավոր է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ ժամանակներս մեկ տարով հաշտություն կնքեն Եգիպտոսի միջնորդությամբ: Այդ մասին օգոստոսի 16-ին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ չբացահայտելով լուրի աղբյուրը:
 
Հաղորդված տվյալների համաձայն՝ հաշտության համար որոշիչ կլինի առաջիկա 48 ժամը: Հեռուստաալիքը պնդում է, որ Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ղեկավար գեներալ Աբաս Քամելը օգոստոսի 15-ին այցելել է Թել-Ավիվ՝ գլխավորելով մի բարձրաստիճան պատվիրակություն, որպեսզի » մինչև հինգշաբթի համաձայնեցվեն գործարքի «վերջին նրբությունները»: 
 
Ավելին՝ նախապատրաստվող գործարքը անկլավային պետության դրությունը բարելավող այլ կետեր էլ է նախատեսում: Այսպես, Քաթարը Իսրայելի աջակցությամբ պետք է իր վրա վերցնի Գազայի էլեկտրամատակարարման ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումները: Դրան զուգընթաց, առանձին կետով նախատեսվում է Պաղեստինի անկլավի և Կիպրոսի միջև ջրային միջանցքի բացումը, որը պետք է լինի Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո: Ինչպես ճշտում է Պաղեստինի PNN լրատվական պորտալը, բացառապես սոսկ Գազայի հետ ծովային հաղորդակցության համար կղզեպետությունում կարող է կառուցվել հատուկ նավակայան: 
 
Al Mayadeen-ը նաև տեղեկացրել է, որ գործարքը ենթադրում է վեց փուլ, որոնք պետք էր իրացվեն աստիճանաբար: Իբր՝ դրանցից առաջինն արդեն ուժի մեջ է մտել օգոստոսի 15-ին: Կրակի լիակատար դադարեցմանը զուգընթաց՝ այնտեղ ներառված են սահմանային անցակետերի բացում և պաղեստինցիների ձկնորսության գոտիների ընդլայնում, արտասահմանյան ֆինանսավորմամբ ենթակառուցվածքների լայնածավալ վերականգնման սկզբնավորում, երկու կողմի գերիների, կալանավորների և անհետ կորածների հարցի կարգավորում:
 
Եթե այսօր-վաղը այս բոլոր մանրանասներն առավել հավաստի հաստատում ստանան, ապա գուցե կարելի է հուսալ, որ առնվազն մեկ տարի Գազայի հատվածում մարդիկ շունչ կքաշեն, ամեն տեսակի կրակոցներն ու ավերածությունները կդադարեն: Սրան մի քիչ դժվար է հավատալ, սակայն եթե այսօր աշխարհի խաղաղությունը գնահատող միջազգային քաղաքական  ուժերը (եթե կան ու բավականաչափ ուժ ունեն) չփորձեն Գազայի հատվածի իրավիճակի նման հակամարտությունները հարթել, վաղը երևի արդեն ուշ լինի: Ուշ և ուշացած: