Ինչպե՞ս շրջանցել միջազգային պատժամիջոցները

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԳՐՈՒՄ Է, ԹԵ ԿԺԴՀ-Ն ԴԱ ԱՆՈՒՄ Է ՌԴ ԵՎ ՉԺՀ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թե ինչպես է Հյուսիսային Կորեան փորձում գոյատևել խստագույն պատժամիջոցների պայմաններում՝ երևան է հանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների ընթացքին հետևող հանձնաժողովի միջակա հաշվետվությունը: Այն իսկույն հայտնվել է հարևան Ճապոնիայի լրատվամիջոցների, մասնավորապես Sankei Shimbun թերթի ուշադրության կենտրոնում: Իսկ եթե հիշենք, թե անցած տարի ինչպես էր Ճապոնիան ամեն անգամ արձագանքում հյուսիսկորեական հրթիռների արձակմանը, որոնք անցնում էին Ճապոնիայի տարածքով, ամեն ինչ հասկանալի կլինի:
 
ԿԺԴՀ-ի նկատմամբ այժմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ամենախիստ կարգն է սահմանված: Այն նախատեսում է ֆինանսական սահմանափակումներ, զենքի բեռնարգելք, հրթիռային վառելիքի, երկրորդային նշանակության սարքավորումների ու նյութերի մատակարարման արգելք, ապաև երկրից ածխի, երկաթի,  արճիճի, ծովամթերքի, այլ արտադրանքի արտահանման արգելք: Իսկ 2017թ. դեկտեմբերի 22-ին պատժամիջոցները խստացվել են: Եղածներին ավելացել են սահմանափակումները հում նավթի և նավթամթերքի մատակարարման ոլորտում, ինչպես նաև՝ ՄԱԿ ԱԽ-ն բոլոր երկրներից պահանջել է 24 ամսվա ընթացքում իրենց սահմաններից արտաքսել  ԿԺԴՀ աշխատանքային ներգաղթյալներին: 
 
Այսպիսով, թերթը նշում է, որ չնայած ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան պատժամիջոցներին՝ ԿԺԴՀ-ն շարունակում է գործարար կապեր պահպանել արտասահմանյան երկրների հետ և Չինաստանի ու Ռուսաստանի հետ շուրջ 250 համատեղ ձեռնարկություն է ստեղծել: Ըստ լրատվամիջոցի՝ ՄԱԿ փաստաթղթում նշվում է, որ դրա հիմնական մասը իրականացվում է ՉԺՀ- հետ: Խոսքն առնվազն 215 համատեղ ձեռնարկությունների և գործունեության այլ ոլորտների մասին է:
 
Ներկայացված ցանկում մոտ 30 ընկերություն գործում է Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ ևս մի քանիսը՝ Սինգապուրի և Ավստրալիայի մասնակցությամբ: 
ԿԺԴՀ կողմից նման ծրագրերին հիմնականում մասնակցում են ընկերություններ և դեմքեր, որոնք ավելի վաղ ներառվել էին ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցանկում: Պարբերականի տեղեկություններով՝ համատեղ ձեռնարկությունների ամբողջ ցանկը մոտ ժամանականերս ներկայացվելու է ՄԱԿ զեկույցում: 
 
Ու թերևս զարմանալի չէ, որ ԿԺԴՀ-ին պատժամիջոցները շրջանցելու գործում աջակցում են հենց Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք նույնպես պատժամիջոցների ուղեգծից դուրս չեն: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների կամ Միավորված ազգերի կազմակերպության տարատեսակ կողմնակալ կամ անաչառ սահմանափակումներից ելքը նրանք տեսնում են իրար աջակցելո՞ւ մեջ: