Գերմանիայի կառավարությունն ամրագրել է երրորդ՝ արուէգային սեռի իրավունքը
Գերմանիայի քաղաքացիական կացության ակտերի գրքում այսուհետև գրանցվելու են նաև «երրորդ սեռի» մարդիկ: Կառավարությունն այդ օրինագիծը մշակել է Սահմանադրական դատարանի 2017թ. հոկտեմբերի 10-որոշման հիման վրա, այժմ էլ այն պետք է քննարկեն Բունդեսթագում: Իսկ որ կընդունվի՝ դժվար է կասկածել:
Լուրը գերմանական հանրությանն «ավետել» է Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության թուիթերյան էջը: Եվ ուրեմն՝ Գերմանիայի կառավարության նախաձեռնությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ամրագրվել է երրորդ սեռի իրավունքը:
Նոր փոփոխության համաձայն՝ արական և իգական սեռերի անձանց կողքին Գերմանիայում գոյություն են ունենալու «ինտերսեքսուալ» մարդիկ (հայերենով դա թարգմանվում է միջսեռային կամ արուէգային): Այս կերպ Գերմանիայի կառավարությունը ծրագրում է օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում որոշել, թե երկու սեռերից որին են պատկանում:
Միայն թե Գերմանիան այս գործի կարապետը չէ: Նրանից առաջ «երրորդ սեռի» իրավական ընդունումն իրենց օրենքներում ամրագրել են Ավստրիան, Ավստրալիան, նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Պակիստանը և Նեպալը: Ու կասկած չկա, որ այս ցանկը մեծ արագությամբ երկարելու է:
Արևմուտքում այսօր ավելի մեծ «սրբություն» չկա, քան անհատի իրավունքը: Իսկ որ որոշ անհատների իրավունքները կարող են քայքայել մարդկության հազարամյա, իրենց լիովին արդարացրած ավանդույթներն ու ապրելակերպը, էլ չասած բնության մասին, դա նրանց չի հետաքրքրում:
Ժամանակին դարերով սահմանված կարգը խախտողներին կա՛մ պատժել, կա՛մ բուժել են՝ ելնելով արաքի բնույթից ու դրդապատճառներից: Տվյալ դեպքում թերևս ընդամենը հորմոնալ բուժում է հարկավոր, ինչպես նաև ճիշտ դաստիարակություն: Միայն թե այսօր «քաղաքակիրթ երկիր» ասելով՝ շատերը հասկանում են անհեթեթությունների ու ծայրահեղությունների պաշտամունք: Որը, ի վերջո, դեպի կործանում տանող ճանապարհ է: