Երկու Կորեաները բարձր մակարդակի նոր հանդիպում են ծրագրում

Ինչի մասին կարող են բանակցել Կորեական թերակղզու  երկու պետությունները, որոնք մեկ տարի առաջ երդվյալ թշնամիներ էին: Մի քանի ամիս առաջ պետությունների ղեկավարների պատմական հանդիպումը նույն ազգի երկու հատվածների համար շփման հնարավորություններ ստեղծեց, այժմ էլ փորձ է արվում խորացնել նոր հարաբերությունները:
 
Երկու օր առաջ Փհանմունջոմում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փհենյանում բարձր մակարդակի երրորդ հանդիպումը կազմակերպելու մասին: Այն նախատեսված է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, իսկ ըստ որոշ տվյալների՝ սեպտեմբերի 12-13-ին:
 
Նախարարների մակարդակով այդ հանդիպման ժամանակ արծարծվելիք հնարավոր թեմաների մասին օգոստոսի 14-ին Մոսկվայում լրագրողներին պատմել է Կորեայի Հանրապետության միջազգային գործերի և ազգային միասնության կոմիտեի նախագահ Կան Սոկ Հոն:
 
- Ես ենթադրում եմ՝ գլխավոր հարցը, որը մենք պետք է քննարկենք, Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ընթացքն է, որովհետև շատ բան հենց դրանով է պայմանավորված: Դրա շրջանակում մենք կարող ենք քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում են մարդկանց շփումներին կամ տնտեսական համագործակցությանը, քանի որ հենց նրանք են ապահովում միջկորեական հարաբերությունների հետագա ընթացքը,- հայտարարել է կոմիտեի նախագահը: 
 
Բնականաբար՝ թերակղզու միջուկազերծումը առաջին պայմանն է, որի նախաձեռնումն էլ հնարավորություն ընձեռեց, որ ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան սկսեն անմիջականորեն շփվել ու բանակցություններ վարել: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, որը պետք է որ միանգամայն տրամաբանական դիտվի, մի՞թե Միացյալ Նահանգների պատժամիջոցները դրա համար հնարավորության դուռ կբացեն: 
Իսկ թե երբ կլինի, որ գենով, մշակույթով ու պատմությամբ միասնական կորեացիներն անարգել «նստեն ու վեր կենան» միասին, դժվար է ասել: Այս տեսանկյունից կորեացիներին ովքե՞ր ավելի լավ կհասկանան, եթե ոչ մենք՝ հայերս: