Հանդուրժողականության դաս Մամեդյարովից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Վարշավայում իր երկրի հանդուրժողականությունն է ի ցույց դրել: «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի հարցին՝  հայտարերել է.
- Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական համայնքների համատեղ բնակության համար երաշխիքներ տալ:


«Ռիա նովոստիի» հաղորդագրության մեջ նշված չէ, թե արտգործնախարարներից քանիսն են իրենց գործընկերոջ հանդուրժողականությանը հավատացել: Գուցե ոչ մեկը, բայց հաստատ առարկած էլ չեն լինի. չէ՞ որ այդ երաշխիքներն իրենց կաշվի վրա չեն զգալու: Գուցե մի քանիսն էլ ծափահարել են ու հիացական բացականչություններ արել: Որովհետև եթե երկրների արտգործնախարարները իրենց դիվանագիտական «բարձունքներից» իջնեին ու իրերն իրենց անուններով կոչեին, այսօր մենք ավելի ապահով աշխարհում կապրեինք:

Կարելի է ասել՝ աշխարհի ամենաանհանդուրժող սև ցուցակի հեղինակ, մարդկանց միայն ազգանուններն ու ազգությունը հաշվի առնելով իր սահմանից ներս ընդունող երկիրն արևելյան գործընկերներին հանդուժողականության իսկական դաս է տվել: Միայն թե պարզ չէ՝ նրանք այդ դասն ինչպե՞ս են սերտել.  հակամարտության էությունը հասկանո՞ւմ են, թե՞ ամեն ինչ կշռում են իրենց երկրներում Ադրբեջանի նավթային «ներդրումների» (հասկանալ կաշառք) նժարով:

Ադերբեջանը, իհարկե, այսօրինակ հայտարարության տակ հասկանում է մի իրավիճակ, երբ Արցախը իր նման հարյուրամյա սարքովի պետության կազմում է: Բայց կարելի է մեդալի մյուս երեսին էլ այլ բան կարդալ, այն է՝ անկախ Արցախում գալիս ու բնակություն են հաստատում նախկինում այնտեղից հեռացած ադրբեջանցիները, և իր երաշխիքները Ադրբեջանն Արցախի անունից է տալիս:  Ոչ մի կասկած, որ եթե Արցախում ադրբեջանցիներ ապրեին` հայկական պետությունն ու նրա բնակիչները նրանց անվտանգության համար սպառնալիք չէին լինի:

Սակայն այս քսանհինգ տարվա իրադարձությունները գոնե մի բան մեզ սովորեցրին. տանդ դռները գող ու ավազակի առջև բացես` ամեն ինչից կզրկվես: