Իրանն իր քաղաքականությունը չի փոխի

Երբ այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, նաև խոստացավ ոչ միայն նախկին պատժամիջոցները վերականգնել, այլև նորերը սահմանել:
 
Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը ուժի մեջ մտավ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին: Այդ սահմանափակումները ներառում են  մասնավորապես, ավտոմեքենաշինությունը, ոսկու և որոշ այլ մետաղների առևտուրը: Մնացած պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 5-ից: 
 
Օգոստոսի 13-ին հանդես գալով Al Jazeera հեռուստաընկերության եթերում՝ Իրանի արտգործնախարար Մահամմադ Ջավադ Զարիֆը ասել է, թե ԱՄՆ-ի տնտեսական ճնշման փորձերն ու սպառնալիքներն Իրանին չեն հարկադրի փոխել իր քաղաքականությունը մերձավորարևելյան տարածաշրջանում: 
 
- Իրանը երբեք տարածաշրջանում իր քաղաքականությունը չի փոխի ԱՄՆ-ի պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով,- ասել է Իրանի արտաքին քաղաքականության պատասխանատուն: 
 
Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ նախագահ Թրամփի կոչը համարելով «քարոզչություն»:
 
- Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա հանդես կգա որպես մյուսներին հարգող պետություն և կդադարեցնի պատժամիջոցների գործողությունները,- պարզաբանել է դիվանագետը: 
 
Ավելի վաղ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն անցկացնելուն դեմ է արտահայտվել ԻԻՀ ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: