Հարյուրավոր թեկնածուներ` Իրանի նախագահի տեղի համար

Որքան էլ ԻԻՀ նախագահի թեկնածու դառնալու հայտ ներկայացնողները հարյուրների են հասնում, քվեաթերթիկներում սովորաբար 10-ի հասնող թեկնածուների անուններ են գրվում, քանի որ բոլոր թեկնածուները Իսլամական Հանրապետության Դիտորդական խորհրդի խիստ քննության բովով են անցնում և անխնա մաղվում: Իրանի նախագահի թեկնածուն, ըստ Սահմանադրության, պետք է 40 տարեկանն անց և իսլամի ու իսլամական կարգի գործուն կողմնակիցը լինի: Ուշագրավ է, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանին, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն իր թեկնածությունը գրանցել է տվել: «Ռեգնումի» հաղորդմամբ՝ դա մարտահրավեր է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, ով Ահմադինեժադին «հրամայել էր իր թեկնածությունը չառաջադրել»:
 

Մայիսը ընտրական է լինելու նաև մեր հարևաններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այնտեղ նախագահի պաշտոնավարման քառամյա ժամկետը սպառվում է, և արդեն սկսվել է մայիսի 19-ին կայանալիք նոր ընտրությունների համար թեկնածուներից հայտերի ընդունումը: Գործընթացը դեռևս չի ավարտվել, սակայն Իրանի համապատասխան մարմինն արդեն 200-ի հասնող հայտեր է ընդունել: Տարբեր լրատվամիջոցներ հրապարակել են, որ նախագահ դառնալու ցանկություն հայտնողներից 8-ը կին է, 54-ը գիտական աստիճան ունի, 19-ը մարտական գործողությունների մասնկիցներ են, ամենատարեցն էլ 82 տարեկան ատամնաբույժ է:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո մեր տարածաշրջանում այդ երկրի գործունեության աշխուժացումը իրադարձությունների ընթացքի վրա ազդելու կարևոր գործոն է, ուստի նաև կարևոր է, թե ինչ ուժեր այնտեղ կկառավարեն: Արտաքուստ, իհարկե, այնտեղ միայն շիաական իսլամին հավատարիմ ուժերը կարող են իշխանություն ստանալ, սակայն դա էլ միանշանակ չէ: Իրանի անցյալ ընտրություններին (շատերը կհիշեն) շատ լուրջ խմորումներ եղան, անկարգություններ գրանցվեցին, թուրքալեզու իրանցիները, այսինքն Իրանի ադրբեջանցիները աշխուժացան: Որքան էլ ասվում է, թե նրանք էթնիկ պարսիկներ են, ովքեր պատմական դեպքերի ճնշման տակ հարկադրված են եղել հրաժարվել մայրենի պարսկերենից և թուրքերենով հաղորդակցվել, միևնույն է` մարդկանց գիտակցության մեջ նույնպես փոփոխություններ են եղել, ինչն էլ անցած ընտրություններին դրսևորվեց: Իսկ պատմական Ատրպատականի անունը գողացած և իրենց նրա թուրքալեզու բնակիչների հետ նույնացնել փորձող Ադրբեջանն էլ առիթ է փնտրում, որպեսզի իր մասին հիշեցնի ու փորձի իրավիճակից հերթական օգուտը քաղել:

Հուսանք՝ մեր հազարամյակների հարևան ու այս օրերին շատ թե քիչ բարեկամաբար տրամադրված Իրանը այս փորձությունը հաջողությամբ կհաղթահարի, իսկ նոր կամ վերընտրված նախագահը լավ ավանդույթները կշարունակի` վատերին վերջակետ դնելով: Թեև իհարկե՝ ինչպես երևում է, այս աշխարհում բացարձակ իշխանություն ոչ մի երկիր չունի:

Տպավորությունն այնպիսին է, թե աներևույթ մի ձեռք բոլորին տիկնիկների նման խաղացնում է: