Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

ՄԱԿ-Ը ԿՈՂՄԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

73 տարի առաջ Ճապոնական Հիրոսիման ատոմահարելու օրը Միացյալ Նահանգները նշանավորել է միջուկային զենքին առնչվող մեկ այլ գործողությամբ: Օգոստոսի 6-ից մեկնարկել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Այդ առիթով Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է հրապարակել, որով Իրանի հետ միջուկային համաձայնագրի մնացած կողմերին հորդորում է դրանից դուրս չգալ:
 
Երեկ՝ օգոստոսի 6-ին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը: Նա ասել է, թե ՄԱԿ-ը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կողմ երկրներին կոչ է անում մնալ համաձայնագրի մեջ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել: 
 
- Մենք պետք է դեռ հասկանանք, թե ինչպես են նոր պատժամիջոցներն ազդում իրավիճակի վրա: Սակայն մեզ համար միանգամայն հստակ է՝ ամենագլխավորը այն է, որ Իրանն ու մյուս երկրները շրունակեն պահպանել համաձայնագրի պայմանները՝ անկախ ԱՄՆ գործողություններից,- ասել է Հաքը: 
 
Տվյալ իրավիճակում ՄԱԿ-ի ներկայացուցիչը դա լավագույն լուծումն է համարել: Միջազգային կառույցը, նրա խոսքով, շարունակում է ՀՀԳԾ-ն դիտել որպես «դիվանագիտության նվաճում», իսկ դրա բոլոր անդամներին իր «աջակցությունն է հայտնում»: Այդուհանդերձ՝ երկրների փոխհարաբերությունների վրա ազդել չի կարող: 
 
- Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում համաձայնագրի պահպանման համար անել ամենայն հնարավորը,- լրագրողների առջև իր խոսքն է ամփոփել Ֆարհան Հաքը: 
 
73 տարի առաջ Միացյալ Նահանգների գործողություններն այլ կերպ չես անվանի, քան հանցագործություն մարդկության դեմ: Մեր օրերում այդ միջուկային տերությունը հանդես է գալիս ատոմային զենքը սահմանափակելու դիրքերից և առաջին հայացքից թվում է՝ ցանկանում է կանխել նոր հիրոսիմաներն ու նագասակիները: Միայն թե դժվար է ասել՝ Իրանի պարագայում արդյո՞ք մի նոր միջուկային գրոհի դուռ չի բացվի: Կամ այնպիսի գրոհի, որը գուցե ատոմային ռումբի կիրառման չհասցնի, սակայն լինի ոչ պակաս կործանարար: