Թրամփը Ռոուհանիի հետ կբանակցի, եթե Իրանը վերանայի իր ընտրած ուղին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցել, սակայն Իսլամական Հանրապետությունը պետք է վերանայի իր ընտրած ուղին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն` հանդես գալով ինդոնեզական նորությունների Metro TV-ի կիրակնօրյա եթերում:

Պոմպեոն շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, սակայն Իրանը պետք է տրամադրված լինի իր գործունեության մեջ փոփոխություններ մտցնել: Պետքարտուղարի խոսքերով` նախագահը միշտ հայտարարում է, որ բանակցությունների պատրաստ է` անկախ նրանից, թե դրա համար պայմաններ ստեղծվա՞ծ են միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի տեսքով:
 

- Սակայն որպեսզի այդ քննարկումներն օգտակար լինեն, կարևոր է, որ Իրանը հակված լինի փոխել իր ուղին,- նշել է Պոմպեոն:

Իրանի ուղի ասելով` ամերիկյան կողմը նկատի ունի իր մեղադրանքները Իրանի ահաբեկչական գործունեության վերաբերյալ:

- Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի կառավարությունը վերահսկում են շիաականները, շատ վատ է վերաբերվում իր ժողովրդին, և դա հանգեցրել է ահաբեկչության: Իրանն ահաբեկչությունը հովանավորող ամենամեծ պետությունն է աշխարհում: Եվ դա այն է, ինչն Ամերիկան փորձում է Իրանին ստիպել, որ դադարեցնի,- հայտարարել է Պոմպեոն:
Նա պարզաբանել է, թե Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է «պահվածքի փոփոխություն»:

Անցած շաբաթ Թրամփն ու Պոմպեոն Իրանի վերաբերյալ մի քանի հայտարարություն էին արել: Շաբաթավերջին Թրամփը հայտարարել էր, թե բարձր մակարդակով ամերիկա-իրանական բանկցությունների անցկացումը կախված է Իսլամական Հանրապետությունից: Մինչ այդ հայտարարել էր, թե պատրաստ է առանց նախապայմաննների հանդիպել Ռոուհանիի հետ: Ավելի ուշ Պոմպեոն նշել էր, թե Սպիտակ տան ղեկավարի գաղափարը կողջունի այն դեպքում, եթե Թեհրանն այնուամենայնիվ կատարի մի շարք նախապայմաններ:

Պետքարտուղարության մամուլի ծառայության պետ Հեզեր Նաուերտն էլ պարզաբանել էր, թե ԱՄՆ դիվանագիտության գլխավորը աջակցում է Թրամփի առաջարկին: Նաուերտը նաև մատնանշել է, որ առայժմ որևէ երկկողմ հանդիպում կամ հեռախոսազրույց նշանակված չէ:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, թե այն կարծիքին է, որ տեսանելի ապագայում Թեհրանը կցանկանա բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ: Միաժամանակ, սակայն նա  ակնարկել էր, որ իրեն կբավարարի նաև այն սցենարը, որի դեպքում Իրանը շփումներից կհրաժարվի:

Ահաբեկչությունը հովանավորելը մի մեղադրանք է, որով Միացյալ Նահանգները պատճառաբանում է իր միջազգային գործունեության շատ դրվագներ: Իրանի հզորացումը Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ, բայց նաև երևում է` նախագահ Թրամփին ոգևորել է խաղաղության նոբելյան մրցանակի գաղափարը, որն ի հայտ եկավ Կորեական թերակղզու միջուկազերծմանն ուղղված նրա քայլերի առնչությամբ: Իսկ թե Իրանը որքանով կնպաստի ԱՄՆ նախագահի այդ ձգտումներին, մնում է միայն երևակայել: Որ Իրանին միջուկային գործարքն անհրաժեշտ է` ոչ մի կասկած: Որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նրա համար մեծ հարված կլինեն` նույնպես կասկածելի չէ: Բայց թե այդ հարցերը կարգավորելու համար Իրանը որքանով է «հակված փոխելու իր ուղին», սա արդեն մեծ հարցական է: