Ռազմական դաշինքներին խաղաղություն հարկավո՞ր է

Օգոստոսի 2-ին Միացյալ Նահանգների Սենատ է ներկայացվել մի օրինագիծ, որն առնչվում է ՆԱՏՕ-ին: Եվ քանի որ այնտեղ դրույթներ կան Դաշինքի անդամ երկրներում ռուսական զենքի տարածման դեմ, օրինագիծը հայտնվել է ռուսական «ՌԻԱ-նովոստի»-ի մանրադիտակի տակ:
 
Գործակալության մեկնաբանությամբ՝ ԱՄՆ սենատորները ցանկանում են արագացնել ամերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, որպեսզի իջեցնեն նրանց կախվածությունը ռուսական արտադրության զենքից:
 
Ուշագրավ է, որ նոր օրինագծի տակ ստորագրել են սենատորներ թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական կուսակցություններից: 
 
Օրինագծում, օրինակ, կա այսպիսի դրույթ. «Արագացնել պաշտպանական սարքավորումների հանձնումը ՆԱՏՕ-ի երկրներին՝ ռուսական ռազմական տեխնիկայից ունեցած ՆԱՏՕ-ի որոշ երկրների  կախումը փոքրացնելու նպատակով»: 
 
Ելնելով նրանից, որ վերջերս նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի հասցեին քննադատական դիտողություններ է արել, օրինագծի հեղինակները, թերևս, հարկ են համարել ապահովագրել ռազմական դաշինքին ԱՄՆ անդամակցության շարունակականությունը: Փաստաթուղթը Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնին առաջարկում է «վճռական հայտարարություն անել ՆԱՏՕ-ին աջակցելու վերաբերյալ», իսկ Դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալը հնարավոր դարձնել միայն այն դեպքում, եթե դրան հավանություն տա Սենատի երկու երրորդը: Մինչդեռ Թրամփը ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին երբևէ չի խոսել: 
 
Դժվար է ՆԱՏՕ-ն պատկերացնել առանց Միացյալ Նահանգների, քանի որ երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, թե այդ ռազմական դաշինքը հենց ԱՄՆ-ն է ղեկավարում: Բայց այս օրինագիծը մտորելու տեղիք է տալիս, կամ ավելի շուտ առաջին գիծ է մղում ռազմական դաշինքների նպատակը: Մահաբեր զենքի վաճառքն այսօր աշխարհում ամենաեկամտաբեր գործն է, որով և իրենց բյուջեները լցնում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նման գիշատիչները: Իսկ սա միայն մեկ բան է նշանակում՝ նրանց ու նմաններին աշխարհի  խաղաղությունը ոչ մի չափով ձեռնտու չէ: Միայն թե շատ է պատահել, որ զենքը կրակել է հենց պատրաստողի վրա, որն էլ կոչվում է բումերանգի ներգործություն: