ՆՈՐ ԽԱՂ՝ ԵՐԿՈՒ ԼԱՐԻ ՎՐԱ

Ինչո՞ւ է նախկին նախագահը մեկնել Բաքու

Ամենուր է երևի այսպես. լքելով իրենց հեղինակություն ու հարստություն պարգևած  նավը՝ ընդհանուր նավը՝ իշխանությունը, նախկին իշխանավորները   երբեմն նեղացածի կեցվածք են որդեգրում, երբեմն խնամքով թաքցնում   նեղացածությունը՝ նորից ինչ-որ պաշտոն ձեռք գցելու հույսով կամ «ճանկերը» բացելու հարմար պահի սպասելով:

Երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը մեկնել է Բաքու և Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել  բարձր պատվի:  Թեև  նախկին նախագահը  Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի անդամ է, բայց  երկար ժամանակ է, որ մամուլը գրում է նրա և իր երկրի գործող նախագահի տարաձայնությունների մասին: 

Բաքվի այս այցը հետաքրքիր է այնքանով, որ Թուրքայի նախկին նախագահը կարծես մտադրություն ունի իր առանձին խաղը սկսել, ինքնուրույն գործոն  դառնալ:

Բնականաբար,Ադրբեջանը, թեև չի կարող ավագ եղբոր՝ Թուրքիայի դեմ բացահայտ քայլեր անել, սակայն բարձր պատվի է արժանացրել  էքս նախագահին: Չի բացառվում, որ հետագայում  Գյուլը փորձի հրապարակայնորեն դեմ գնալ Էրդողանին, սրել առանց այդ էլ լարված իրավիճակը, ինչո՞ւ չէ՝ ընդհուպ մինչև իշխանությունը  հետ վերցնելու քայլեր անել: Հետևաբար, ազերիներն այս ամենը նկատի ունենալով՝ արդենիսկ իրենց «ոտքի տեղն են պնդում»: Միգուցե սա հնարավորություն կտա երկու լարի վրա խաղալ և հարկ եղած դեպքում նաև ատամ ցույց տալ Թուրքիայի գործող վարչախմբին կամ՝ իր հանդեպ է՛լ սիրառատ դարձնել «մեծ ախպորը»:

 Ի դեպ,  վերլուծաբանների գնահատմամբ՝ Գյուլն Էրդողանի համեմատ կանխատեսելի գործիչ է, ում օրոք ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ հետո գրողի ծոցն ուղարկվեցին հաջորդ ղեկավար Էրդողանի «թեթև»ձեռքով: