Դուռ դեպի սուլթանությո՞ւն, թե՞ առողջացում

Եթե այնպիսի հրաշք տեղի ունենա, որ Թուրքիայի հասարակությունն այս կիրակի «ո՛չ» ասի սուլթանական Թուրքիայի վերադարձին, նշանակում է այդ հասարակությունն սկսել է առողջանալ: Իսկ դա իրոք որ դրական երևույթ է:

Ապրիլի 16-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են. հանրաքվեով պետք է որոշեն՝ սահմանադրական նոր փոփոխությունների հիման վրա անցնելո՞ւ են նախագահական կառավարման, թե՞ շարունակելու են ապրել 1923-ից ի վեր գործող խորհրդարանական համակարգի տրամաբանությամբ: Այս հանրաքվեն, ինչպես բազմիցս նշվել է, մինչև սուլթանի կարգավիճակ ավելացնելու է նախագահ Էրդողանի լիազորությունները: Նրա ինքնավստահ տեսքը և աղմկահարույց քարոզարշավն առաջին հայացքից ոմանց կարող են հույսեր ներշնչել, թե այս կիրակի Թուրքիան նոր սուլթան կստանա, իսկ աշխարհը՝ ավելի մեծ մի սպառնալիք: Սակայն երևում է՝ ամեն ինչ չէ, որ Էրդողանի համար հալած յուղի պես է գնում: 
 
Այսպես, թուրքական կայքերից մեկի սյունակագիր Հաքքը Օզդալը նկատել է, որ Էրդողանի հեռուստատեսային վարկանիշը էականորեն անկում է ապրել: Այն դեպքում, երբ նրա հարցազրույցները սովորաբար դիտելիության ռեկորդներ են սահմանում, նախընտրական այս օրերին ուղիղ եթերում Էրդողանի տված վերջին հարցազրույցը շաբաթական վարկանիշով ընդամենը վեցերորդն է եղել: Օզդալի գնահատականով՝ իշխանությունների միակողմանի, վիրավորանքներ ու մեղադրանքներ պարունակող քարոզչությունն իրեն սպառել է և արդեն չի շարժում Թուրքիայի ժողովրդի հետաքրքրությունը:   
 
Էրդողանի վարկանիշը շատ էր բարձրացել 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը ճնշելու ժամանակներում: Հիշենք, թե նա ինչպես էր երկրի բնակիչներին դիմել, որպեսզի փողոցները դուրս գան՝ ի պաշտպանություն իշխանությունների, և թե դա ինչպես նպաստեց հեղաշրջման փորձի տապալմանը: Մինչև այսօր էլ այդ գործով հետաքննությունը չի դադարում, և ահա մի ուշագրավ զարգացում է ի հայտ եկել: Հեղաշրջման փորձի մասնակից գեներալներից մեկի՝ Էրհան Ջահայի տան խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մի գիրք՝ «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն՝ ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» վերնագրով: Տեղեկությունը տարածել է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 
 
Թուրք որոշ ազգայնականներ պնդում են, թե Բարգրատունիները ծպտյալ հայերի խմբավորումներ են. նրանք գործում են Թուրքիայի դեմ և կարողացել են ներթափանցել անգամ պետության խորքերը: Թե սրանից ինչ դուրս կգա, և ինչ մահացու մեղքերի համար կմեղադրվեն ամբողջ հայությունն ու առանձին հայեր, կամ քանի մինչև ուղնուծուծը թրքացած ինչ անհատի կմեղադրեն, թե հայ է և «սուրբ» Թուրքիայի կործանումն է ծրագրում՝  հաստատ սպասեցնել չի տա: «Գող՝ սիրտը դող»-ի սկզբունքով թուրքական իշխանությունները, հասկանալի բան է, ամենայն հայկականի դիսևորումից սարսափում են: Իսկ եթե պարզվի, որ այդպիսի խմբավորումներ կան, մենք դրանից ամենևին էլ չենք տխրի: