Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը՝ այսուհետ միայն ազգային արժույթներով

Թուրքիան և Իրանն այսուհետև իրար հետ առևտուր անելիս վճարումներ կկատարեն իրենց ազգային արժույթներով: Այդ մասին հուլիսի 30-ին հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սադեղ Նաջաֆին (նրա խոսքերը փոխանցել է իրանական «Տասնիմ» գործակալությունը):
 
- Հավանություն է տրվել, որ Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի պարագայում կիրառվեն լիրան և ռիալը: Դա պետք է իրականացվի երկու երկրների բանկերի միջոցով: Թեև հնարավոր է՝ որոշ մասնավոր բանկեր այս գաղափարին չմիանան, սակայն գոյություն ունեն տարբեր միջոցներ, թե ինչպես կարող են երկու երկիր առևտուր անել: Կան ընկերություններ և անհատ ձեռներեցներ, որոնք դրան նպաստել են,- նշել է իրանցի նախարարը: 
 
Նաջաֆին, ըստ լուրը տարծող գործակալության, նաև չի բացառել, որ վճարումներն իրականացվեն  էլեկտրոնային արժույթով: 
 
Երկու երկրները դեռևս անցած տարվա հոկտեմբերին էին մտադրություն հայտնել «անցում կատարելու ազգային արժույթներով առևտրի, որպեսզի տնտեսական փոխգործակցությունը պաշտպանեն արժույթի փոխանակաման պատճառով առաջացող ճնշումներից»: Այդ ժամանակ պաշտոնական այցով Իրան էր մեկնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ամիսներ առաջ էլ լրատվամիջոցները լուր տարածեցին, որ Իրանը հրաժարվում է դոլարի կիրառումից և որպես հիմնական արտարժույթ ընդունում է եվրոն: 
 
Միացյալ Նահանգները, փաստորեն, իր պատժամիջոցներով որոշ երկրների մղում է հրաժարվել նրա խորհրդանիշ դոլարից: Ինչ իմանաս՝ նման նախաձեռնությունների չե՞ն միանա Ռուսաստանը, Չինաստանը, այլ երկրներ: Իսկ ԱՄՆ-ը երևի կփորձի նոր պատժամիջոցներով նրանց նորից իր դոլարի դաշտ վերադարձնել….