Թրամփի առևտրային քաղաքականությունը չի՞ մեծացնի գործազրկությունը ԱՄՆ-ում

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾԵՍ ԱՆՀԻՄՆ ՉԷ

Ինչպես երևում է՝ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը ոչ միայն աշխարհի կեսն է իրար խառնել, այլև լուրջ մտահոգություններ է առաջացրել հենց Միացյալ Նահանգներում: Այնտեղ վախենում են, թե դրա պատճառով կարող է ավելանալ գործազրկությունը: Քաղաքացիների այս կասկածներն ստիպված է եղել փարատել առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, թեև կարծես դա այնքան էլ համոզիչ չի ստացվել:
 
Ըստ Ռոսի՝ ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությունը զբաղվածության վրա բացասական ներգործություն չի ունենա:
 
- Մեր թվերը ցույց չեն տալիս այնպիսի բան, թե զբաղվածությունը կտուժի: Նայեցեք վիճակագրությանը: Ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում,- լրագրողներին ասել է Ռոսսը: 
 
Իսկ նախագահ Թրամփը Այովայի նահանգ է մեկնում, որպեսզի ելույթ ունենա առևտրի խնդիրների վերաբերյալ: Ռոսը գործազրկության գծով «շատ լավ» ամսական ցուցանիշներ է խոստացել: Հունիսը, օրինակ, ամփոփել են գործազրկության աննշան աճով՝ այն դարձել է 4%: 
 
Այդուհանդերձ Ռոսը խոստովանել է, որ մի շարք ընկերություններ այլ երկրների հետ առևտրային լարվածությունն օգտագործում են, որպեսզի արդարացնեն մարդկանց աշխատանքից ազատելը:
 
Պողպատի և ալյումինումի ներմուծման նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած բարձր մաքսատուրքերը, որ ընդգրկում են երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ ԵՄ պետություները, Ռուսաստանը, Չինաստանը, անպատասխան չեն մնացել: Չինաստանը, օրինակ, մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան գյուղմթերքների համար, այն էլ՝ հատկապես այն նահանգներից, որոնցում ընտրողը քվեների մեծ մասը տվել է Թրամփի օգտին: 
 
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությունը աշխարհն ընկալեց որպես առևտրային պատերազմ, իսկ պատերազմում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում, կորուստներն էլ երկուստեք են լինում: Այնպես որ, ԱՄՆ քաղաքացիների անհանգստությունը բնավ էլ  անհիմն չէ: