Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու մտադրություն չունի

ԱՌԱՅԺՄ՝ ՄԻԱՅՆ ՄԻՄՅԱՆՑ ՍՊԱՌՆԱԼՈՎ

Միացյալ Նահանգները խստացնում է Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը, որից ելնելով՝ որոշ վերլուծաբաններ իրավիճակը համեմատում են մեկ տարի առաջ Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի  քաղաքականության հետ: Ասել կուզի՝ նման միջոցներով ամերիկյան կողմը ձգտում է Իրանին ևս զիջումներ պարտադրել:
 
Հիշենք, որ ԿԺԴՀ-ն համաձայնեց լիովին հրաժարվել իր միջուկային զինանոցից: Իսկ Իրանի հետ 2015թ. կնքված միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս եկած Թրամփը հուլիսի 24-ին հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ «իսկական գործարք» կնքել:
 
 
Սակայն հաջորդ օրն իսկ Թեհրանից հաջորդ հնչել է պատասխանը՝ ԱՄՆ-ը չպետք է Իրանի հետ բանակցությունների վրա հույս դնի: Իրանի արտգործնախարարության կայքը հրապարակել է գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Քասեմինի հայտարարությունը, որտեղ նշվում է, թե իր հնչեցրած սպառնալիքներից հետո Միացյալ Նահանգները կարող է մոռանալ Իրանի հետ բանակցությունների մասին: 
 
- Թրամփի վարչախումբը պետք է մոռանա միակողմանի բանակցությունների մասին, որոնց ստվերում Իրանին սպառնալիքներ են ուղղվում: ԱՄՆ-ը պետք է իր սահմանների մեջ մնա և գիտակցի իր դիրքորոշումը ժամանակի տվյալ պահին, ինչպես նաև պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի՝ հասկանալու համար Իրանի տեղն ու դերը,- նշել է Քասեմին:
 
Հիշեցնենք, որ այս հայտարարությունից առաջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև սպառնալիքների փոխանակություն էր տեղի ունենում: Նախ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին կոչ արեց «կրակի հետ չխաղալ»՝ զգուշացնելով, որ հակառակ պարագայում Վաշինգտոնը կզղջա: Ի պատասխան Թրամփը «Թուիթերում» գրեց, թե Իրանը կբախվի «չտեսնված հետևանքների»՝ եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ: Դրան էլ ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարեց, որ Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել նավթի արտահանումը երկրից: 
 
Իսկ ԱՄՆ-ը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ից հետո Իրանից նավթ գնող պետությունները կհամարվեն պատժամիջոցները խախտողներ: Ու հստակ ձևակերպել է իր նպատակը՝ Իրանի նավթային եկամուտները հավասարեցնել 0-ի: Ակնհայտ է, որ ժամանակը սուղ է, բայց նաև ոչ մի կասկած, որ Իրանը Հյուսիսային Կորեայից շատ բաներով է տարբերվում, ինչը գուցե նրա հակառակորդներն այդքան էլ հստակ չեն գիտակցում: