«Իրականում դա քաղաքական հարց է»

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սիրիայում պատերազմը շարունակվում է արդեն 4 տարի, «Իսլամական պետություն» խմբավորման անդամները դիրք դիրքի հետևից զիջում են, սակայն վերջը դեռևս չի երևում: Սիրիայի կառավարական զորքերը, դաշնակիցների օգնությամբ, իրենց հերթին են մարտական գործողություններ վարում ահաբեկիչների դեմ, արևմտյան կոալիցիայի ուժերը՝ իրենց հերթին: Կոալիցիայի ֆրանսիացի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ իրենց վարած ռազմական գործաղությունները նվազագույնը 2-3 ամիս դեռ կշարունակվեն:
 
Հուլիսի 24-ին Բաղդադում (այստեղ է գտնվում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կոալիցիայի կենտրոնակայանը) տեղի ունեցած հեռուստաժողովի ժամանակ ֆրանսիացի բրիգադային գեներալ  Ֆրեդերիկ Փարիսոն այդ մասին նաև ուշագրավ միտք է հայտնել՝ շեշտելով հարցի քաղաքական կողմը: Գեներալին հարց է ուղղվել, թե ինչով է հիմնավորվում կոալիցիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, եթե, ինչպես հենց իրենք են հայտարարում, ԻՊ գրոհայիններն արդեն չեն կարողանում պահել իրենց դիրքերը և անցնում են  «ապստամբական մանր գրոհների» մարտավարությանը: 
 
- Իրականում դա քաղաքական հարց է: Կոալիցիայի առաքելությունն է՝ ԻՊ-ին բոլոր մակարդակներում պարտության մատնել: Թե ինչ կլինի հետո՝ դա հարց է, որին դեռևս հարկավոր է լուծում տալ: Մենք դեռևս մարտական գործողություններ ենք վարում, ինչը կտևի ամենաքիչը 2-3 ամիս, իսկ դրանից հետո նոր միայն որոշում կընդունվի,- մասնավորել է Փարիսոն:
 
Նա նաև նշել է, թե Ֆրանսիայի համար կարևոր է երաշխավորել, որ ԻՊ-ի գրոհայինները հնարավորություն չեն ունենա նախապատրաստվել և գրոհներ իրականացնել Սիրիայի ու Իրաքի սահմաններում: 
 
Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին նաև Աֆրինում Թուրքիայի գործողությունների դեմ տեղի բնակիչների բողոքի մասին: Եվ ընդհանրապես՝ Սիրիայում են բախվում աշխարհի գրեթե բոլոր մեծ տերությունների շահերն ու ռազմական սպառնալիքները: Այնպես որ, ֆրանսիացի գեներալի ասած «քաղաքականը» դժվար թե թույլ տա, որ մերձավորարևելյան տարածաշրջանում արագորեն խաղաղություն հաստատվի, և ամոքվեն պատերազմի վերքերը: Մինչդեռ դրանով կարող է բարեփոխվել նաև Արևմուտքի դրությունը՝ զգալիորեն պակասեցնելով անօրինական ներգաղթյալների նոր հոսքերը: