ԴԱՐՁՅԱ՞Լ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ ԸՆԴԴԵՄ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ»

Գենացվալե, քեզ հետ հաշվի ենք նստում

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն  այսօր Հայաստանում հանդիպել է  ՀՀ ԱԳ նախարարի, վարչապետի, ՀՀ նախագահի հետ: Նման հանդիպում  վրաց և հայ պաշտոնյաներն ունեցել են նախորդ տարի: Հանդիպումների ընթացքում կարևորվել է հայ-վրացական հարաբերությունների զարգացումը՝  տարբեր  ոլորտներում: 
Այս հանդիպումները հետաքրքրական են այնքանով, որ վերջին շրջանում Վրաստանի տարբեր գործիչներ տարբեր ատյանններում  տեղի-անտեղի են հիշեցնում Հայաստանի մասին:  Սա պատահական չէ և ամենայն հավանականությամբ պայմանավորված է թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի աճով:
 
Բանը հասել է նրան, որ Ադրբեջանն անգամ Թբիլիսին է համարում Ադրբեջանից խլված քաղաք: Եթե տարիներ առաջ Վրաստանն անտեսում էր Հայաստանի դերն ու նշանակությունը, հույսեր կապում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այսօր  իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: 
 
Հասկանալով, թե ինչ ապագա է սպասվում Վրաստանին՝ թուրք-ազերի «եղբայրներին»  գլխին նստեցնելու դեպքում,   հիշել են Հայաստանի՝ Սոմխեթիի մասին:  Գենացվալե, քեզ հետ պետք է հաշվի նստենք՝ ահա այսպիսի,  թեկուզ աննշան, փոփոխություն ենք տեսնում: Նույնիսկ զավեշտալի հայտարարություն լսեցինք: 
 
-Աբխազիայի հարցում պետք է Հայաստանի հետ բանակցել, քանի որ բնակչության մեծ մասը հայեր են,- հայտարարել է վրաց պատգամավորներից մեկն ԱԺ-ում:
 
Հայկական գործոնի ակնարկը, իհարկե,  Ադրբեջանին և Թուրքիային էր ուղղված. թե տեսեք՝ խելոք չմնալու դեպքում՝ կթեքվենք դեպի Հայաստանը: Մեզ մնում է միայն ճկուն դիվանագիտությամբ օգուտ քաղել այս ամենից,  Հայաստանին հուզող հարցերը լուծել՝ չթողնելով դրանց խորացումն այն աստիճանի, որ ստիպված չլինենք կոշտ միջոցների դիմել: