Իրանի «հակաամերիկյան» հայցը պատժամիջոցների դեմ

Իրանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Միացյալ Նահանգների: Այդ մասին երեկ Հաագայից հայտնել է միջազգային այդ ատյանի մամուլի ծառայությունը: 
 
Իր հայցով Իրանը ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջում է, որպես ժամանակավոր միջոցառում, դադարեցնել ամերիկյան պատժամիջոցների միակողմանի գործողությունները, քանի դեռ երկու երկրները քննում են իրենց հարաբերությունները:
 
Որպես ժամանակավոր միջոցառումներ՝ Իրանը ատյանին խնդրել է, որ ԱՄՆ-ը դադարեցնի բոլոր պատժամիջոցների գործողությունները, որոնք մտցվել են մայիսի 8-ից, ինչպես նաև ձեռնպահ մնա նորերը մտցնելուց կամ դրանով սպառնալուց, ինչը կարող է խոչընդոտել վեճի լուծմանը կամ երկարաձգել քննության ժամկետը: Դրանից բացի, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է նպաստի արդեն հավանության արժանացած գործարքներին. մասնավորապես նրանց, որոնք առնչվում են ուղևորատար ինքնաթիռների վարձակալությանը, ինչպես նաև ինքնաթիռների պահեստամասերին և սարքավորումներին: 
 
Իրանական հայցի վերջնանպատակն է՝ «ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունի, որ ԱՄՆ-ը խախտել է երկկողմ համաձայնագրով պայմանավորված իր պարտավորությունները», ապաև՝ որ «արագորեն վերացվեն բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև ԱՄՆ-ը հրաժարվի նոր պատժամիջոցներով սպառնալուց»: 
 
Երբ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դանալդ Թամփն իր ստորագրությունը դրեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու փաստաթղթի տակ, նա նաև հայտարարել էր, թե պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել: Միայն թե Թեհրանին այնպիսի պայմաններ էր առաջադրել, որոնք կատարելն ուղղակի անհնար է: 
Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման հարցում կարծես ամբողջ աշխարհը մի կողմում է, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը՝ մյուս: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներից խոստացել են նոյեմբերի 4-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել և «0-ի հասցնել Իրանի նավթային եկամուտները»: 
 
Եթե բոլոր սպառնալիքները գործի դրվեն, մեր հարևան պետության դրությունն իրոք կարող է շատ վատանալ: Իսկ նա, ասում են, հեշտ կուլ գնացող «պատառ» չէ: Թշնամիներով շրջապատված Հայաստանի համար, անտարակույս, ուժեղ Իրանն է գերադասելի: Միայն թե դեռ հարց է՝ Հաագայի միջազգային դատարանը Միացյալ Նահանգների դեմ դատավճիռ կկայացնի՞, կամ եթե կայացնի, ԱՄՆ-ը դրանք կկատարի՞: Բայց գուցե չի բացառվում, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հետ բանակցությունների փորձը ԱՄՆ-ին մղի այս անգամ էլ իրավիճակը մեղմել՝ Իրանի հետ երկկողմ հանդիպումներով: