Չինաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի մասին

Մինչ Հելսինկիում տեղի էր ունենում Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, Պեկինում էլ գագաթնաժողով էին գումարել Չինաստանն ու Եվրամիությունը (20-րդ անգամ): Կողմերն այնտեղ հրապարակել են մի փաստաթուղթ, որով, կարելի է ասել, «քար են գցել» ԱՄՆ նախագահի «բոստանը»: Այդ փաստաթղթով նրանք ըստ էության անհամաձայնություն են հայտնում անցած տարվա դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե ժամանակն է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը:
 
Չինաստանն ու Եվրամիությունը, այսպիսով, արտահայտվել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը պահպանելու օգտին: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե այդ կերպ կողմերը հետևում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: Նշվում է, որ չինական իշխանությունները և Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը հանդես են գալիս ի պաշտպանություն Երուսաղեմի հատուկ կարգավիճակի, որի դեպքում պահպանվում է 1967թ. բաժանարար գիծը:
 
- Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման գործընթացի առիթով. երկու կողմերն էլ հանդես են գալիս ի պաշտպանություն սահմանների պահպանության, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից, հաստատում են իրենց հավատարմությունը «երկու պետություն» (երկու ժողովրդի համար) ծրագրին, հետևում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևին, որի համաձայն Երուսաղեմը համարվում է երկու պետությունների (Պաղեստինի և Իսրայելի) մայրաքաղաքը,- ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: 
 
Հիշենք, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխվելու պատճառով իսրայելապաղեստինյան ճակատում վերստին արյունալի բախումներ եղան: Այժմ էլ աղմուկ է հանել այն փաստը, որ Իսրայելը որոշել է «Եվրատեսիլ-12018թ.» իր հաղթանակը փառավորել՝ հաջորդ տարվա երգի մրցույթը կազմակերպելով Երուսաղեմում: Իրեն ապաքաղաքական կառույց հայտարարող «Եվրատեսիլը» դրան դեմ է: Միայն թե շատերն են այն կարծիքին, որ Իսրայելի երաժշտական այդ ելույթը բնավ էլ ամենալավը չէր: Այժմ արդեն պարզ դառնում, թե ինչպես և ինչու հաղթեց հենց Իսրայելի ներկայացուցիչը:
 
Ու հիմա Չինաստանն ու Եվրամիությունը՝ միջազգային հարաբերությունների այս հզոր խաղացողները, ի լուր աշխարհի հայտարարում են, թե Երուսաղեմի վերաբերյալ Իսրայելի ու ԱՄՆ-ի գործելակերպին հավանություն չեն տալիս: Այս հանգամանքը, իհարկե, դժվար թե փոխի վերջիններիս ծրագրերը, պարզապես գուցե որոշակի զսպող դերակատարում ունենա: