Ֆրանսիայում արգելվել է մարդկանց «տարբերակումը սեռային հատկանիշներով»

Մինչ Բրյուսելում բավական լարված մթնոլորտում ընթանում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Դաշինքի անդամ Ֆրանսիայում շտկում էին սահմանադրությունը: Մինչ այս Ֆրանսիայի սահմանադրության առաջին հոդվածը հռչակում էր՝ «օրենքի առաջ բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ ծագումից, ռասայից և կրոնից»:
 
Նոր տարբերակում «ռասա» բառը հանվել է, ինչպես նաև արգելվել է այնտեղ օգտագործել «տարբերակումը սեռային հատկանիշներով»: Ինչպես Europe 1 ռադիոկայանն է հաղորդել, հուլիսի 12-ին ընդունված նոր տարբերակը հռչակում է.
 
- Ֆրանսիան ապահովում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը՝ անկախ սեռից, ծագումից և կրոնից:  
 
Այս ուղղումը նույն օրն իսկ ուժի մեջ է մտել: 
 
Ֆրանսիայի սահմանադրության մեջ վերջին անգամ փոփոխություն էր մտցվել 2008թ., երբ երկրի նախագահը Նիկոլյա Սարկոզին էր: Այն ժամանակ խորհրդարանը քվեարկել էր «հանրակարգային բարեփոխումների»  օգտին, որը վերափոփում էր երկրի պետական իշխանության համակարգը:
 
Անկասկած՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքները հարգելը առաջադիմական քայլ է, որից Ֆրանսիան չէր կարող հրաժարվել: Սակայն երկրի սահմանադրության այդ շտկումը չի կարող հեռահար նպատակներ չհետապնդել: Չէ՞ որ նախկին ձևակերպումը Ֆրանսիայի կին քաղաքացիների հնարավորությունները չէր սահմանափակում: Ժամանակին կանանց բոլոր իրավունքներից զրկելը Եվրոպայում առաջ բերեց ֆեմինիզմի շարժումը, որը մարդկությանը դրական քիչ բան տվեց: Ստացվում է, որ կանանց իրավազրկության հարյուրամյակների մեղքը հիմա՞ են փորձում քավել՝ ընդգծելով սեռային հավասարությունը, թե՞ դա այլ ենթատեքստ ունի, որը դեռևս չի ընդգծվում: 
 
Արևմուտքում սկիզբ առած միտումը (հիշենք բրիտանական դպրոցներում «գենդերային տեսանկյունից չոզոք» համազգեստների ներմուծումը դպրոցներ) մարդկությանը տանում է դեպի մի իրավիճակ, որում մարդը զուրկ է անհատականությունից և ընդամենը ընդհանուր շղթայի մի անդեմ օղակն է: Իսկ նման միտումները գուցեև շատ ավելի վտանգավոր են, քան սպառազինվելու ջատագովությունն էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: