Թրամփը՝ ռուսական լրտե՞ս

NEW YORK MAGAZINE-Ի ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Որքան մոտենում է Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման օրը, այնքան «կենացները քաղցրանում են»: Միջազգային հարաբերությունների հակառակ բևեռները ձևավորել հավակնող երկու պետությունների ներկա նախագահներն առաջին անգամն է, որ հանդիպելու են երես առ երես, այսինքն դա տեղի չի ունենում որևէ գագաթնաժողովի շրջանակում:
 
Ամերիկյան կողմից վաղուց են մեղադրանքներ հնչում, թե ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդել է ռուսական կողմի միջամտությունը, այսինքն Դոնալդ Թրամփին այդ հզորագույն երկրի նախագահ է դարձրել Ռուսաստանը: ԱՄՆ-ում նույնիսկ հետաքննություն է ընթանում այդ ընտրություններին Ռուսաստանի միջամտության, ինչպես նաև Մոսկվայի հետ Թրամփի ենթադրյալ կապի գործով: Բնականաբար, դա ժխտում են թե՛ Սպիտակ տանը, թե՛ Կրեմլում:
 
Ռուսներն այդ մեղադրանքներն անվանում են ապացույցներից զուրկ, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընտրություններին Մոսկվայի միջամտության մեղադրանքն անվանել է «միանգամայն մերկապարանոց»:
Բայց ահա պատմական հանդիպման նախադռանը ամերիկյան լրատվամիջոցները փորձում են Թրամփի ռուսական կապերի առավել հիմնավոր հետք գտնել: Հուլիսի 12-ին New York Magazine հանդեսը հրապարակել է մի նյութ, որտեղ ենթադրվում է, թե Թրամփին կարող էին հավաքագրել ԽՍՀՄ-ում դեռևս 1987թ., երբ նա Մոսկվա էր այցելել: 
 
Այսպես, պարբերականը Թրամփի քաղաքական գործունեության սկիզբը կապում է 1987թ. հետ, երբ նա Մոսկվա է այցելել հյուրանոց կառուցելու հնարավորությունները դիտարկելու համար: Դրանից մեկ տարի առաջ էլ Նյու Յուրքում Ամերիկայի  ապագա նախագահը հանդիպել էր ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի հետ:
 
Հաղորդվում է, որ հյուրանոցն այդպես էլ չեն կառուցել, սակայն «Թրամփը ԽՍՀՄ-ից վերադարձել է քաղաքական հավակնություններով»: Նշվում է, թե Կրեմլը կարող է Թրամփի դեմ վարկաբեկող նյութեր ունենալ 1987 թ. և 2013թ. նրա մոսկովյան այցերից հետո: Հրապարակման մեջ նաև ակնարկ կա, թե քանի որ Թրամփը չի ցանկանում հրապարակել իր հարկային հայտարարագիրը, հնարավոր է՝ դրա պատճառն այն է, որ երկար տարիների ընթացքում նա «կարող էր ռուսական փողեր ստանալ տարբեր ճանապարհներով»: 
 
Սրանք կարելի է անվանել լրտեսական խաղեր, դավադրությունների տեսության հաստատում կամ ինչ ասես, սակայն մի բան պարզ է՝ աշխարհի բախտի համար ճակատագրական նման հանդիպման դրական ելքի տեսանկյունից միայն վնասակար կարող է լինել: Իհարկե, չի բացառվում նաև, որ մեղադրանքները լիովին հիմնազուրկ չեն, սակայն այս դեպքում էլ ցանկանալով «Պապից ավելի կաթոլիկ» երևալ՝ Թրամփը կարող է ավելի կոշտացնել ամերիկյան դիրքորոշումը: