Կկարողանա՞ն քարը փոսից հանել

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականը Երկիր մոլորակի վրա շրջում է թերևս այն օրից, երբ ավարտվեց Երկրորդը՝ արդեն 72 տարի: Այս ընթացքում ոչ մի օր մարդկությունը վստահ չի եղել, թե  այսօր-վաղը այն չի սկսվելու: Որքան էլ տարբեր տեսակի գուշակություններն ու կանխատեսումներն արհամարհենք, դժվար է չհիշել բուլղարացի պայծառատես Վանգայի խոսքերը, թե Երրորդ համաշխարհայինը սկսվելու է քիմիական զենքի գործադրմամբ և Սիրիայի անկմամբ: 
 
Հին խոսք է՝ մի խենթ քարը փոսը գլորեց, հարյուր խելոքը չկարողացան հանել: Դժվար է ասել՝ Սիրիայի ավիաբազան հրթիռակոծել հրթիռակոծելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանը խենթություն էր, թե՞ մանրակրկիտ հաշվարկած քայլ, սակայն ակնհայտ է, որ քարը փոսն է գլորվել ու այն հանելն անհրաժեշտություն է: Այսինքն՝ Սիրիայի շուրջ մի իրավիճակ է ստեղծվել, որը իրադարձությունների մեջ նոր փուլի սկիզբ է դրել: 
 
Առաջին հերթին խաթարվել են Աստանայում ձեռք բերված փխրուն պայմանավորվածությունները, ու հիմա «հարյուր խելոք» փորձում են քարը փոսից հանել: Մասնավորապես, Իտալիայի Լուկա քաղաքում հավաքվել են Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները՝ ընդլայնված նիստում քննարկելու ստեղծված նոր իրավիճակը:  Յոթնյակի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներից բացի, նիստին մասնակցում են նաև Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Քաթարի համապատասխան պաշտոնյաները:   
 
Որ սիրիական հակամարտությունը քիմիական զենքի մեղադրանքով սկսվեց՝ ոչ ոք չի մոռացել: Ընդ որում հիշենք, որ այդ մեղադրանքը անվերապահ հաստատող փաստեր այդպես էլ չգտնվեցին, սակայն դա չխանգարեց, որ Սիրիան ու նրա նախագահ Ասադը աշխարհի կեսի աչքի փուշը դառնան: Ու այսօր էլ նորից քիմիական զենքն է պատճառը, որ Սիրիայի անունը բոլոր երկրների բարձր պաշտոնյաների շուրթերին է, «Ասադը պետք է հեռանա» բութ պնդումն էլ ականջ է սղոցում: Քաղաքագետները վաղուց են վերլուծում, թե այս ամենի նպատակը Սիրիան երեք մասի բաժանելն է, որից մի մեծ կտորը կարող է Թուրքիային հասնել: Ու նաև խոսում են, թե այնտեղ հսկայածավալ նավթահանքեր են հայտնաբերվել, և դրանց տիրանալու ձգտումն է այդ երկիրը քանդելու ապատճառը:
 
Նույն ԱՄՆ-ից մերթ լուրեր են տարածվում, թե Թրամփի հրամանի դեմ ցույցեր են անում, մերթ հաղորդվում է բնակչության մեծ մասի ոգևորված հավանության մասին: 
 
Պատերազմների թատերաբեմից հեռու ամերիկացիները, իհարկե, կարող են հրճվել, իրենց նախագահների վարկանիշներով տիկնախաղ անել: Իսկ ահա Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Four Seasons» հյուրանոցը, «Hamburger Abendblatt»-ի հաղորդմամբ, հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությանը, որը G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պետք է ժամանի 2017թ. հուլիսի 7-8-ին: Իսկ պատճառը նշել չեն ցանկացել: 
 
Մեր տարածաշրջանում, եթե հավատանք Վանգայի գուշակությանը, խաղաղության գրավականը Սիրիայի հաստատուն մնալն է: Չհավատանք էլ՝ իրադարձությունների ընթացքն այդ մասին է խոսում: