Աղքատության հաղթահարման ՄԱԿ-ի ջանքերն արդյունավե՞տ են եղել

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԿԱՍԿԱԾԵԼ

Բանկերում միլիարդներ կուտակած և խոտի դեզին նստած շան նման դրանք «վայելող» բազմաթիվ մեծահարուստների համապատկերին ծայրահեղ աղքատության սահմանագծից ներքև ապրողների թիվը մեր դարասկզբին կազմել է 27%:
 
Այսինքն, մարդկության ավելի քան քառորդ մասը հազիվհազ գոյատևել է, երբ նրա հարյուրերորդից էլ պակաս մասը չիմանալով՝ էլ ինչ վրա մսխի կուտակած միլիարդները, դրանք պահ է տվել հաշվեհամարներին: Բայց ծայրահեղ աղքատությունն ա՛յն չարիք է, որը հնարավոր չէ անտեսել, երբ խոսքը մարդկության ապագայի մասին է: 
 
Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհում աղքատության հաղթահարման նախաձեռնություն է սկսել և արդեն խոսում է առաջընթացից: Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, որը երեկ ներկայացվել է բարձր մակարդակի քաղաքական համաժողովում:   
 
- Աշխարհում նշանակալիորեն կրճատվել է թիվն այն աշխատողների, ովքեր չեն կարողանում իրենց ընտանիքները դուրս բերել ծայրահեղ աղքատությունից,- նշված է փաստաթղթում:  
 
Զեկույցում շեշտվում է, որ 2000թ. ծայրահեղ աղքատության սահմանագծին ապրողները կազմում էին աշխարհի բնակչության 27%-ը, իսկ այժմ՝ միայն 9%-ը: (Այդ նվազումն, իհարկե, Հայաստանին չի վերաբերում:)
 
- Դեռևս մնում են աղքատության սուր օջախներ գյուղական շրջաններում: Հենց այստեղ էլ ծայրահեղ աղքատության սահմանից ներքև ապրողների բաժինը ամենամեծն է մնում,- մեկնաբանել է Անտոնիու Գուտերեշը: 
 
Նրա կարծիքով՝ աղքատությունը հաղթահարելու գործին պետք է մասնակցեն սոցիալական պաշտպանության զարգացած կառույցները: 
 
2015թ. ՄԱԿ-ի անդամ երկրներն ընդունել են «Մինչև 2030թ. կայուն զարգացման ոլորտի օրակարգը»: Այն ներառում է մի շարք նպատակներ՝ ուղղված աղքատության վերացմանը, մոլորակի պաշարների պահպանությանը և բոլորի համար բարօրություն ապահովելուն: Կայուն զարգացման 17 կետերից յուրաքանչյուրը պարունակում է մի շարք ցուցանիշներ, որոնց պետք է հասած լինեն մինչև նշված ժամկետի ավարտը: 
 
Եթե այս ցուցանիշը ճիշտ է, և 18 տարում աշխարհի աղքատությունը կրճատվել է 18%-ով, (իսկ ավելի ճիշտ՝ 3 տարում, սկսած 2015թ.), իհարկե, մխիթարական է: Բայց մեր աշխարհն ապրում է մի հոգեբանությամբ, որի պարագայում ամեն ինչ ապրանք է, անգամ աղքատությունը: Որովհետև եթե չլինի աղքատության վախը, մի՞թե էժան աշխատուժը նորանոր միլիարդներ կբերի այն շահագործողներին: 
 
Թե ինչ ջանքերի գնով է ՄԱԿ-ին հաջողվել նման արդյունքի հասնել՝ դժվար է ասել: Հստակ է մեկ բան՝ քանի դեռ սոցիալական արդարություն ասվածը ընդամենը խոսք է, ամեն օր աշխատանքից, տունուտեղից, ունեցվածքից զրկվում են բազմաթիվ մարդիկ, իսկ լծակների տերերը աչքածակության մոլուցքով հարստություն են կուտակում, աշխարհում աղքատությունը չի վերանալու: Դրա համար, թերևս, պետք է աշխարհի կարգը փոխվի, սակայն ոչ «նոր աշխարհակագ» հաստատելով, որից ոչ թե աղքատություն, այլ արդեն կործանում է հորդելու: