ԱՐԴՅՈ՞Ք ԱՇԽԱՐՀԸ ԱՌՈՂՋ ԿԱՊՐԻ

Եվրոպան իսլամի զգեստ է հագնում

Երևում է՝ Եվրոպան արդեն ոչ թե ծերացել է, այլ ուղղակի զառամախտով է տառապում: Երկրագնդի բոլոր անկյուններ քիթը խոթելով, իր գործողությունների հիմքում միայն նավթի ու իշխանության հասնելու ձգտումները դնելով, պատերազմներ ու ցեղասպանություններ սանձազերծելիս ոչ մի բարոյական ու մարդասիրական սկզբունք չպահպանելով և կեղծ գաղափարներ տարփողելով՝ հասել է նրան, որ այսօր սեփական տան մեջ ինքն արդեն տանտեր չէ: Ու ցավալին այն է, որ կարծես չի էլ նկատում, թե իրականում ինչ է կատարվում:

Եվրոպան սկսել է արագորեն կերպարանափոխվել: Քրիստոնեության վաղեմի օրրանը իսլամի զգեստ է հագնում: Լոնդոնում, օրինակ, 2001թ. այս կողմ քրիստոնեական 500 եկեղեցի է փակվել, փոխարենը սկսել են գործել 423 նոր մզկիթ և իսլամական կենտրոններ: Բրիտանիայի մայրաքաղաքում գործում է շարիաթի հարյուր դատարան՝ բոլորն էլ պաշտոնապես գրանցված: Այս տվյալները հրապարակել են ամերիկյան «Գեյթսթոունի ինստիտուտ» վերլուծական կենտրոնի մասնագետները: Իրենց կայքում նրանք գրել են.

- Բրիտանիայի մուլտիկուլտուրիստները սնում են իսլամական արմատականությունը: Իսլամը՝ իր 423 մզկիթով, կառուցվել է անգլիական քրիստոնեության մռայլ ավերակների վրա:

Նրանք նշել են, թե Բրիտանիան գնալով իսլամական դեմք է ընդունում: Որոշ դեպքերում մզկիթի են վերածվում նախկին եկեղեցիները, աճում է իսլամ ընդունող եվրոպացիների թիվը:
Ադրբեջանից էլ տեղեկություններ են հասնում, թե միանգամից մեծացել է երկրից հեռացողների և Գերմանիայում ապաստան խնդրողների թիվը: Անցած տարի, օրինակ, Գերմանիայից ապաստան խնդրողների թիվը հասել է 4750-ի՝ նախորդող տարվանից եռապատիկ ավելի: 

Իսլամական ծավալապաշտության ախտը ամբողջ երկրագունդն է վարակել: Որ դա ախտ է` ապացուցվում է այլատյացության չափերով, դաժան մահապատիժների, սառնասիրտ կոտորածների ու ավերածությունների ամենօրյա դրսևորումներով: Վարակներն էլ, ինչպես հայտնի է, տարածվում են այնքան, մինչև կա՛մ օրգանիզմին մահ են պատճառում, կա՛մ բուժում ստանալով՝  մաքրվում: Դատելով այն փաստով, թե ինչպես է Մեծ Բրիտանիան, իրենից ոչ պակաս թափով իսլամացող Ֆրանսիայի հետ ձեռք-ձեռքի, ամեն կերպ պաշտպանում առանց միջազգային ատյաններին տեղեկացնելու Սիրիայի ավիաբազան հրթիռակոծելու հրաման տված Թրամփին, բուժման գործընթացը դեռևս սկսվելու միտում չունի: Այնպես որ` միամտություն կլինի մտածել, թե լիովին իսլամացած, այսինքն բնատուր բազմազանությունը կորցրած աշխարհը առողջ կապրի:
Արդեն այսօր իսլամի սունիի և շիա ուղղություններն են հակամարտության մեջ: ՈՒ բնավ հոռետեսություն չէ ասելը, որ այսպես շարունակվելու դեպքում   մարդկությունը կարող է գերեզման իջնել:

Երևում է՝ քրիստոնեությունը նորից Հայաստանից է իր երթն սկսելու…

Միայն թե հուսանք՝ այն անգամ Աստծո ուղենշած ճանապարհով: