Եվրոպայում մտածում են անօրինական ներգաղթյալների հոսքից ազատվել` սահմաններն ամրապնդելով

Անօրինական ներգաղթյալների խնդիրները Եվրոպայում այնքան են սրվել, որ Շենգենյան գոտու երկրներում պահանջներ են հնչում` վերականգնել ներքին սահմանները և դրանց վրա վերահսկողություն սահմանել:

Նման պահանջ մասնավորապես առաջ է քաշել «Բավարաիայի քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունը, որը գերմանական դաշնության բաղադրիչ Բավարիայի իշխող քաղաքական ուժն է: Նման հեռանկարն անդամ երկրներում մտահոգությունների տեղիք է տվել. դրան մասնավորապես արձագանքել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Հունիսի 19-ին Բաբիշը Պրահայում հարցը շոշափել է Եվրամիության զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողովում, որը կրել է «Պրահայի եվրոպական գագաթնաժողով» անունը: Չեխիայի վարչապետը նշել է, թե Շենգենյան գոտուց ներս գտնվող պետություններում սահմանային վերհսկողությունը վերականգնելն անթույլատրելի է և այդպիսի քայլը կհագեցնի Չեխիայի տնտեսական ցուցանիշների նվազմանը:

- Անօրինական ներգաղթի պատճառով Գերմանիայում տեղի ունեցող վեճերը հանգեցնում են առաջարկության` փակել պետական սահմանները (Շենգենի գոտու ներսում) և վերականգնել սահմանային վերահսկողությունը: Դա մեզ համար անընդունելի է,- հայտարարել է Չեխիայի վարչապետը:

Նա պարզաբանել է, որ Չեխիայի բարգավաճումը մեծապես կախված է Շենգենյան գոտու անխափան գործարկումից: Սահմանապահ վերահսկողության վերականգնումը կհանգեցնի նրա տնտեսական ցուցանիշների նվազմանը, քանի որ Շենգենի անդամ պետությունների ներքին սահմաններն անցնելիս` բեռների ու քաղաքացիների համար զանազան վարչարարական ձևականությունների անհրաժեշտություն կառաջանա: Չեխիան ապրանքներ է արտահանում առաջին հերթին հենց այդ երկրներ,  և զբոսաշրջիկների մեծ մասն էլ հենց այդտեղից է գալիս:

Բաբիշն, ըստ էության, համաձայնություն է հայտնել Գերմաիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԳԴՀ ղեկավարը վերջերս մերժել է սահմանային վերահսկողությունը վերականգնելու մասին բավարական կուսակցության պահանջը: Մերկելը մասնավորապես մատնանշել է` եթե Գերմանիան իր սահմաններում վերականգնվի, նրան կհետևեն նաև Շենգենի գոտու մյուս  պետությունները: Միայն թե դա անօրինական ներգաղթյալների մուտքը կարգավորող գործոն չի դառնա:

Մերկելն անօրինական ներգաղթյալների հարցի կարգավորման ելքերից մեկը համարում է Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդումը: Այդ մասին նա լրագրողների ասել է հունիսի 19-ին` ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ երկկողմանի հանդիպման արդյունքները: Ընդ որում նշել է, որ Ֆրանսիայի նախագահն այդ հարցում համամիտ է իր հետ: